«Եթե խաղի կանոնները հավասար են, ու եթե կա քաղաքական կամք, ապա կարելի է ունենալ իրական լեգիտիմ իշխանություն, իրական ընտրություններ, որ մարդիկ անկաշկանդ գնան ընտրության ու քվեարկեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ ամփոփելով երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ ընտրողը շատ լավ հասկանում էր, որ նախորդ ռեժիմը հակասահմանադրական էր, հակադեմոկրատական էր, և փոփոխություններ էր ուզում, դրա համար կատարեց իր ընտրությունը, որ կառուցի իր ցանկացած երկիրը: «Սա պատմական ընտրություն էր ու դեռ շատ երկար հիշվելու է, քանի որ ապագայում դժվար թե որևէ քաղաքական ուժ կարողանա 70 տոկոս ձայն վերցնել։ Որպես կանոն, արդեն զարգացած, ժողովրդավարական երկրներում նման ձայն չի գրանցվում։ Բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ նման բարձր ցուցանիշը՝ 70 տոկոսը, Հայաստանում ստեղծված իրավիճակին ադեկվատ գնահատական է ու դրական»,- ասաց Վարդանյանը։
Քաղաքագետն անդրադառնալով գնահատականներին, թե նոր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, քանի որ ԲՀԿ-ն երբեք չի կարողացել ու դժվար կարողանա աշխատել ընդդիմադիր դաշտում, իսկ ԼՀԿ-ն նոր է այդ ֆորմատում, ասաց. «Ես համակարծիք չեմ, որ այդ ուժերը չեն կարողանալու որպես ընդդիմադիր ընկալվել, ընդդիմադիր դառնալ։ Նրանք կարող են որոշ նախագծերի դեմ քվերակել, սուր ելույթներ ունենալ, բայց չի բացառվում, որ իշխանության հետ որոշ հարցերի շուրջ լինեն նաև կոնսենսուսային մոտեցումներ»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ինտրիգային էր ՀՀԿ-ի չանցնելը, բայց դա ամենավառ ապացույցն էր, թե նախկինում ՀՀԿ-ն ինչպես էր կազմակերպում ընտրությունները։ «Օրինակ՝ Սյունիքի մարզում կամ Երևանում՝ Մալաթիա, Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ ՀՀԿ-ն միշտ շատ բարձր ցուցանիշներ է ունեցել, այս անգամ ճիշտ հակառակ պատկերն է։ Սա նշանակում է, որ նախկինում քվեարկությունը կազմակերպված էր՝ ապահովելու համար բարձր տոկոսներ։ Հիմա տեսանք, որ ընտրակաշառքի ու ճնշումների բացակայության պարագայում իրենք անգամ միջինից ցածր ցուցանիշ են գրանցում»,- ասաց Էդգար Վարդանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































