Հայաստանի երրորդ հանրապետության մեծագույն հաղթանակը բանակի կայացումն է: Հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը Եռաբլուր այցի ժամանակ նման գնահատական տվեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Սրտանց ուզում եմ շնորհավորել Հայոց բանակին: Իմ երախտագիտությունն եմ հայտնում սահմանին կանգնած զինվորից սկսած մինչև այն քաղաքացիներին, ում ազնիվ աշխատանքով, ում ջանքերով, ում ներդրմամբ ստեղծվեց և իրականություն դարձավ հայկական բանակը, խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր այդ գործում դրեցին ամենաթանկը` իրենց կյանքը, ում արյան շնորհիվ մենք ունեցանք հաղթանակ և կայացած բանակ: Մենք դեռ շատ հաղթանակներ ունենք կերտելու: Վազգենն իր ամբողջ գիտակից կյանքը նվիրեց Արցախյան ազատամարտին և բանակի կայացմանը: Այսօր ինչու՞ առաջինն այստեղ եկա (Վազգեն Սարգսյանի շիրիմին – հեղ), որովհետև իմ պարտքն եմ համարում առաջինն իրեն շնորհավորել, իսկապես սա իր տոնն է»,- ասաց նա: Սարգսյանի համոզմամբ` մեր բանակն ուժեղ է:
Բանակ զորակոչվող որդի ունեցող հայ ծնողն, ըստ Սարգսյանի, պետք է հպարտ լինի, որ Աստված իրեն արու զավակ է տվել, ով հասել է այն տարիքին, որ պիտի բանակ գնա, հայ ծնողը նաև պիտի վստահ լինի, որ որդին բանակում իր հանգիստն ու երկրի, պետության խաղաղությունն է ապահովում, նաև պիտի վստահ լինի` իր զինվոր որդու արժանապատվությունը, ինքնասիրությունը որևէ մեկը չի վիրավորի:
«Բանակն ամենակայացած կառույցն է Հայաստանի Հանրապետությունում, մնացած բոլորը սիմվոլ են մնացել` թե նախագահը, թե դրոշը, թե զինանշանը, սիմվոլ են, միայն բանակն է իրականություն, ռեալ իրականություն` իր դրական ու բացասական հետևանքներով, մեր խնդիրն է այդ բացասականը վերացնել, դրականը խրախուսել»,- ասաց նա:
Արամ Զ. Սարգսյանի համոզմամբ` մեր երկրի թիվ մեկ պաշտպանը մեր բանակն է, հայ ժողովուրդը միշտ հաղթանակներ է ունեցել, երբ հույսը դրել է հենց իր վրա, որևէ այլ երկիր չի կարող մեր անվտանգությունն ապահովել, և սխալ են այն մարդիկ, ովքեր կարծում են` մի այլ երկիր պիտի ապահովի մեր անվտանգությունը: Սրանով, ըստ Սարգսյանի, արհամարհում են մեր բանակը:
Մանրամասները` տեսանյութում:









































