Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը, որը Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվում է ցեղասպանություն իրագործելու մեջ, ժամանել է Չինաստան: Այցը պլանավորվել էր սկսել երկուշաբթի, սակայն այն մեկ օրով հետաձգվել էր: Սուդանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այցը հետաձգելը կապված էր երթուղին փոխելու անհրաժեշտության հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միջազգային քրեական դատարանը Ալ-Բաշիրին կալանավորելու սանկցիա է տրամադրել, որպեսզի նրան դատի քաղաքացիական պատերազմի տարիներին սուդանական Դարֆուր շրջանում խաղաղ բնակչության զանգվածային սպանություն իրականացնելու համար: Չինաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունները:
Հաղորդվում է նաև, որ Ալ-Բաշիրի ինքնաթիռը Պեկին է ժամանել Թեհրանից, որտեղ Սուդանի առաջնորդը մասնակցում էր ահաբեկչության դեմ պայքարի՝ կիրակի օրը կայացած միջազգային կոնֆերանսին: Թուրքմենստանի իշխանություններն արգելել են Սուդանի նախագահին օգտագործել իրենց երկրի օդային տարածքը Չինաստան ժամանելու համար: Ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Պակիստանի օդային տարածքով:









































