Բրազիլիայում ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքվել համացանցում՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու արշավի շրջանակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Սկզբում ակցիայի կազմակերպիչները ծրագրել էին 1 մլն ստորագրություն հավաքել, սակայն այժմ, երբ ստորագրությունների թիվը գերազանցել է նշագիծը, նրանք մտադիր են թիվը հասցնել 1.25 միլիոնի:
«Որպես համացանցում ազատության և անձնական տվյալների պաշտպանության համար գլոբալ պայքարի առաջատար՝ Բրազիլիան իդեալական վայր է»,- միջնորդագրում գրել են արշավի նախաձեռնողները: Խնդրանքը հասցեագրված է ուղիղ նախագահ Դիլմա Ռուսեֆին և արդարադատության նախարար Ժոզե Կարդոզուին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սնոուդենը բաց նամակ է գրել Բրազիլիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստանի դիմաց առաջարկելով օգնություն ԱՄՆ-ի կողմից իրականացված լրտեսումը հետաքննելու գործում: Ռուսեֆը հայտարարել էր, որ իր կառավարությունը չի մեկնաբանի այդ նամակը:










































