ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել երկրում արտակարգ դրության ռեժիմ չսահմանել և հեռացնել միլիցիան Կիևի փողոցներից:
«Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է բռնության կիրառումը ցանկացած կողմից, և նախազգուշացրել է, որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը կամ անվտանգության այլ կոշտ միջոցառումների սահմանումը կհանգեցնի իրավիճակի հետագա լարման և կվերացնի իրավիճակի խաղաղ լուծման հնարավորությունները»,- Սպիտակ տան հաղորդագրությունն է մեջբերում RIA Novosti-ն:
«Ընդգծելով, որ ժամանակ կորցնել չի կարելի, փոխնախագահը նախագահ Յանուկովիչին կոչ է արել դուրս բերել միլիցիայի հատուկ ստորաբաժանումները և աշխատել ընդդիմության հետ ցուցարարների ու կառավարության միջև լարվածությունը նվազեցնելու անհապաղ միջոցառումներ ընդունելու ուղղությամբ»,- հավելել են ամերիկյան վարչակազմում:
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահը բազմիցս զանգահարել է Յանուկովիչին վերջին երկու ամիսներին Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:







































