«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:
– Պարոն Բադալյան, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանի քաղաքական համակարգում դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո։ Հնարավո՞ր է արդյոք ապագայում երկկուսակցական համակարգի ձևավորում։ Այս պահին տեսնո՞ւմ եք այդպիսի նախադրյալներ։
– Ո՛չ, ես չեմ տեսնում, որ Հայաստանում երկկուսակցական բևեռային համակարգ ձևավորվի։ Դրա լավագույն օրինակը Միացյալ Նահանգներն է: Քանի որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, ապա խորհրդարանական կառավարման համակարգում երկկուսակցականությունն այնքան էլ չի աշխատում։ Մասնավորապես, եթե դիտարկենք ԵՄ խորհրդարանական կառավարման համակարգեր ունեցող երկրները՝ Գերմանիա, Ավստրիա, Չեխիա, Հունգարիա և այլն, կտեսնենք, որ այնտեղ բազմակուսակցական համակարգ է՝ 3-4 և ավելի։ Ժամանակ առ ժամանակ այդ կուսակցությունների թվաքանակը և անվանումներն էլ փոխվում են։ Այնպես որ՝ երկկուսակցական համակարգի անցումը գրեթե անհնար է Հայաստանում։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, ապա դրանք ուղղակի ակնառու են։ Եվ ոչ թե պետք է փոփոխություններ տեղի ունենան, այլ այդպիսի փոփոխություններն անհրաժեշտություն են, այլևս չեն կարող տեղի չունենալ։ Եվ դա լավագույնս ցույց են տալիս այս ընտրությունները և ընտրություններին մասնակցող ուժերը։ Խնդիրն ուրիշ տեղ է. իսկ կուսակցությունների ղեկավարները կցանկանա՞ն, որպեսզի նման գործընթացներ տեղի ունենան, թե՞ ոչ։ Այստեղ էլ ամբիցիաների հարցն է առաջ գալիս։ Որովհետև կան մի քանի կուսակցություններ, որոնք պետք է ինքնալուծարվեն և արդեն միավորվեն այլ կուսակցություններին կամ միասին ստեղծեն նոր կուսակցություններ, բայց ավելի տրամաբանական է, որ միավորվեն նոր ստեղծված կուսակցություններին։ Եվ դա պետք է տեղի ունենա գաղափարաքաղաքական կոնցեպտով։ Դա պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում Հայաստանի քաղաքական համակարգն արդեն ցույց է տալիս իր ոչ ադեկվատությունը։ ԸՕ-ն լավագույնս ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական համակարգն ուղղակի հիվանդ է և պետք է բուժվի։
– Որքանո՞վ այս ընտրությունները կդառնան նոր քաղաքական համակարգի կազմավորման գործոն։
– Այո, կլինեն քաղաքական նոր համակարգի կազմավորման գործոններ, և դա հենց այն է, որ քաղաքականությունն է սկսում իշխել Հայաստանում, ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի կողմից ձևավորված համակարգը, այլ հասարակության կողմից ձևավորված քաղաքական համակարգը, կամ հենց քաղաքականությունն է սկսելու իշխել։ Իսկ դա նշանակում է, որ պետք է գործունեություն իրականացնել՝ ելնելով քաղաքականության մեջ գործող կանոններից։ Եվ այդ քաղաքական համակարգում իրենց տեղը պարտադիր պետք է ունենան «Լուսավոր Հայաստան»-ը, «Սասնա ծռերը», որոնք պետք է արմատական բարեփոխումների ենթարկվեն, և եթե իրենք այդ բարեփոխումներն անեն, հաջորդ ընտրություններին իշխող քաղաքական ուժը կդառնա ամենայն հավանականությամբ «Լուսավոր Հայաստան»-ը։ Նրա ժամանակն է սկսվում, և սա է, որ պետք է հասկանալ։ Եթե քաղաքականության կանոնները ճիշտ օգտագործի, հաջորդ խորհրդարանում ամենամեծ խմբակցություններից մեկը կարող է ունենալ։ «Սասնա ծռերը» նույնպես եթե քաղաքականության օրենքներին տիրապետեն, և եթե այս անգամ չանցնեն խորհրդարան, հաջորդ ընտրություններին բավականին մեծ խմբակցություն կարող են ունենալ։
Սպառվում է ԲՀԿ-ի ժամանակը, ինչը տեսանելի է, սպառվում են ՕԵԿ-ի ժամանակը, ՀՀԿ-ի ժամանակը։ ՀՀԿ-ն արմատական բարեփոխումներից հետո հնարավոր է հաջորդ խորհրդարանում ներկայացված լինի՝ իհարկե, որոշակի այլ դեմքերով։
«Իմ քայլը» դաշինքը նույնպես պետք է էական փոփոխությունների ենթարկվի, որովհետև վարչապետի բարձր վարկանիշը երկար չի տևելու, անպայման իջնելու է, իսկ դա նշանակում է, որ այդ ուժը արդեն պետք է սկսի քաղաքականության մեջ գործող կանոնները հաշվի առնել և ըստ այդմ՝ բարեփոխումների ենթարկվել, որովհետև դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսելու է իշխել քաղաքականություն, մի բան, որ չկար նախորդ ընտրությունների ժամանակ։
– Վերջին մեկ շաբաթվա քարոզարշավը, դեբատները արդյոք որոշակի ազդեցություն կունենա՞ն ընտրությունների արդյունքների վրա։ Որևէ քաղաքական ուժ կարողացե՞լ է այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ զգալի առաջընթաց արձանագրեր վերջին օրերին։ Ձեր դիտարկումներն ի՞նչ են ցույց տալիս։
– Այո, որոշակի ազդեցություն ունեցել է, որովհետև մենք տեսանք, որ մեկնարկային պայմաններում կային որոշ ուժեր, որոնք իդեալական մեկնարկային պայմաններ ունեին, և մենք տեսանք, թե ինչպես այդ ուժերը ուղղակի փչացրին իրենց իդեալական մեկնարկային պայմանները՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Սասնա ծռերը»։ Երկուսն էլ, հատկապես «Լուսավոր Հայաստան»-ը ուներ գերազանց մեկնարկային պայմաններ՝ համեմատած մյուս բոլոր ուժերի հետ, որոնց հետ մրցում էր։ Եվ նրանք կարող էին բավականին զգալի ներկայություն ունենալ ԱԺ-ում, բայց ոչ ճիշտ քարոզարշավով նրանք փչացրին։ Եվ հիմա խիստ կասկածելի է, որ նրանք երկրորդ տեղում լինեն։ Եվ եթե անգամ երկրորդ տեղում լինեն, լինելու է զուտ վիճակագրական երկրորդ տեղ և ոչ այն որակական երկրորդ տեղը, որին նա ակնկալում էր, որովհետև նախկինում արած հարցումների հիման վրա առնվազն 20 տոկոսի էլեկտորատ ուներ։
Հաջորդը «Սասնա ծռերն» էին, որոնք համեմատաբար լավ մեկնարկային պայմաններ ունեին և պարզապես քարոզարշավի կեսից ուղղակի կասեցրին իրենց նորմալ ընթացող քարոզարշավը՝ անհասկանալի պատճառներից ելնելով, և ուղղակի թուլացրին։
Իհարկե, նրանք երկրորդ ուժ չէին լինելու, բայց կարող էին հավակնել երրորդ տեղի, իսկ հիմա խիստ կասկածելի է՝ նրանք խորհրդարան կմտնե՞ն, թե՞ ոչ։
«Իմ քայլը» լիդերային քաղաքական միավոր է և որևէ գաղափարաքաղաքական ուղղվածություն չիրականացրեց, և վարչապետի բարձր հեղինակությունն է, որ նրանց կապահովի խորհրդարանում մասնակցություն ունենալ։
ԲՀԿ-ն քարոզարշավը սկսեց այնպես, ինչպես նախկինում, անգամ շատ դեպքերում տեսահոլովակներն էին կրկնվում, և կարող ենք ասել, որ նրանց քարոզարշավը, մեղմ ասած, հաջող չստացվեց, և նրանք էականորեն ցածր տոկոս կունենան, քան նախորդ ընտրությունների ժամանակ, որը հասկանում ենք, թե ինչ միջավայրում էր տեղի ունենում։
Հանրապետականները գնացին սև և սպիտակի ռազմավարությամբ, որը ռիսկային է, սակայն ոչ ոք չի կարող ասել՝ դա իրենց հաջողություն կբերի՞, թե՞ ոչ։ Դա ճիշտ ռազմավարություն էր, ուղղակի միշտ չէ, որ ճիշտ ռազմավարությունը հաջողություն է բերում։ Սա պետք է ֆիքսենք, որ նրանց ռազմավարությունը ճիշտ էր, նրանք այլ ռազմավարություն չէին կարող մշակել։ Այլ խնդիր է, թե նրանց այս ռազմավարությունը արդյունք կտա՞, որ նրանք խորհրդարանում հայտնվեն։ Նրանք սկզբից մինչև վերջ տարան իրենց ռազմավարությունը՝ իհարկե, որոշակի սխալներ թույլ տալով։
«Մենք»-ը ունի ընդգծված արևմտամետ գիծ, բայց այս պահի դրությամբ դժվար է ասել՝ նա կանցնի՞, թե՞ չի անցնի։ Նա շրջանառության մեջ դրեց գաղափարը, բայց չուներ այն ռեսուրսը, ինչ ուներ «Լուսավոր Հայաստանը»։ «Լուսավոր Հայաստան»-ն ուներ այն մարդկային կապիտալը, որը ինքը պետք է աներ, ինչը «Մենք»-ը պետք է աներ։ Եվ ստացվեց այնպես, որ գաղափարն անցավ «Մենք»-ին, բայց թեկնածուները մնացին «Լուսավոր Հայաստան»-ին։ Այս երկուսն են իրար հիմնական մրցակիցներ, ինչ-որ չափով նաև՝ «Սասնա ծռերը»։
Ինչ վերաբերում է ՕԵԿ, ՀՅԴ, նորաստեղծ երեք կուսակցություններին, ապա նրանց քննարկելն անիմաստ է, որովհետև նորաստեղծ կուսակցություններն ընդհանրապես հնարավորություն չունեն, իսկ ՕԵԿ-ի ղեկավարն այնքան մեծ հակաընտրազանգված ունի, որ նրան թույլ չի տալու մտնել խորհրդարան, իսկ ՀՅԴ-ն վաղուց արդեն ո՛չ լիդերային է, ոչ էլ գաղափարական, որևէ գրավիչ բան չունի, որ հայտնվի խորհրդարանում։








































