1988 թ. երկրաշարժի ժամանակ Լենինականում գրեթե ամբողջությամբ փլուզված 111 սերիայի 9 հարկանի կարկաս-պանելային շենքերը փորձարկվել էին դրանից 12 տարի առաջ՝ ցույց տալով ծայրահեղ ցածր սեյսմակայունություն: Այս մասին «gazeta.ru»-ի թղթակցի հետ զրույցում ասել է այդ փորձարկումների մասնակից, բնակելի տների ամրության փորձարկման լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Աշքինաձեն:

Հայաստանի շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի պատվերով, Երևանում, 1976 թ.-ին, նա մասնակցել է նմանատիպ շենքի ուսումնասիրությանը: «Մենք եկանք, տեղադրեցինք մեր սարքավորումը շենքի տանիքին, սկսեցինք փորձարկումները և տեսանք, որ տունը «լողում է»: Ոչ մեծ ծանրաբեռնվածության տակ շենքի պինդ կառուցվածքները փլվում էին այնպես, ինչպես մենք չէինք տեսել ոչ մի ուրիշ շինության դեպքում: Առաջացել էին վտանգավոր ճաքեր»,- պատմել է գիտնականը:

Նրա խոսքերով, հայաստանյան պատվիրատուները տեսնելով փորձարկումների արդյունքները, անմիջապես դադարեցրել են դրանք և խնդրել մոսկովյան մասնագետներին կանգնեցնել աշխատանքները՝ անջատելով էլեկտրաէներգիան: Միայն երկրաշարժից հետո է գիտնականը տեղեկացել, որ այս շենքերի սեյսմակայունության բարձրացման ծրագիրը չի իրականացվել և 12 տարի մնացել «ինչ որ արկղում»:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածը ցնցվել էր հզոր երկրաշարժից, որի ուժգնությունը էպիկենտրոնում հասել էր Ռիխտերի սանդղակով 10 բալի: Աղետն ընդգրկել էր հանրապետության տարածքի 40%-ը՝ մոտ 1 մլն բնակչությամբ: Արդյունքում ավելի քան 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 19 հազարը դարձավ հաշմանդամ և 500 հազար մարդ անօթևան մնաց:









































