ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստից հետո կառավարության անդամների եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շարժվեց դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող`Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու տարածք։
Ժամը 11:41-ին`1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:
«Երկրաշարժի զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը. եւ՛ հոգեբանական, եւ՛ բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաեւ ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ եւ աշխարհի հարյուր հազարավոր հայեր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սեւեռեցին պատմական հայրենիքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ դրա ամենավառ օրինակը համարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի նախաձեռնությունը, ով անմիջապես արձագանքեց եւ երկրաշարժից հետո այցելեց աղետի գոտի:










































