Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ՝ քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ նախօրեին կայացած հեռուստատեսային բանավեճը նոր մշակույթ է: «Եզակի և քաղաքակիրթ բանավեճ էր: Կարևոր էր ունենալ այս բանավեճը հենց այս ձևաչափով՝ ուղիղ եթերում, նախօրոք չկազմակերպված, հնչեցին նաև ծրագրային և բովանդակային հարցեր»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային հանրության համար կարևոր քայլ էր՝ Հայաստանը գնահատելու իբրև դեպի ժողովրդավարություն քայլ անող պետություն:
Անդրադառնալով քարոզարշավին՝ պատգամավորի թեկնածուն նշեց, որ թեև ժամանակը կարճ էր, սակայն կարողացել է արդյունավետ քարոզարշավ իրականացնել, հանդիպել մեծ թվով մարդկանց: Նրա խոսքով՝ մեր հասարակության գիտակցության մակարդակը շատ բարձր է:
«Ընդունել ենք առկա խաղի կանոնները: Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, չնայած որ մեր քաղաքական ուժը գտնում էր, որ այս ԸՕ-ն պետք է փոխվեր և ունենայինք ամբողջությամբ քաղաքական ընտրություններ՝ համամասնական ցուցակներով, և այս հարցը շարունակելու ենք բարձրացնել ապագա խորհրդարանում, բայց եթե ունենք այսպիսի խաղի պայմաններ, եկեք նայենք դրանց դրական կողմերին. սա մեր թիմի անդամներին հնարավորություն ընձեռեց հանդիպելու և անմիջականորեն խոսելու ընտրողների հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































