Վաղը՝ 2014 թ-ի հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմնադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և պաշտպանությունը: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները և շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
Տոնական օրվա հետ կապված չենք կարող չարձանագրել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները, որոնց չլուծվածության հետևանքով տեղի են ունենում զինծառայողների մահեր, առողջական վիճակի վատթարացում, խեղումներ:
Ցավոք, նախորդ տարի ևս արձանագրեցինք ՀՀ զինված ուժերում լրջագույն խախտումներ՝ բռնություններ, ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր, կոռուպցիոն դրսևորումներ և մահվան դեպքեր:
Շարունակվեցին բռնությունների կոծկումները, և չնայած մահացության դեպքերի նվազման վերաբերյալ հայտարարություններին՝ միայն 2014 թ-ի 27 օրվա ընթացքում ունեցանք 3 մահ և առնվազն 2 բռնության դեպք:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրել է խախտումների շարունակական բնույթ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում: Զորակոչվել են առողջական բազում խնդիրներով երիտասարդներ, նախաքննական մարմնի կողմից տարբեր գործերով, հատկապես մահացության դեպքերով, չի իրականացվել լիարժեք և օբյեկտիվ քննություն և չի տրվել համարժեք գնահատական, տեղի են ունեցել կամայական և անկանխատեսելի օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև շարունակվել է պաշտպանական գերատեսչության ոչ բավարար թափանցիկ և հաշվետվողական գործունեությունը:
Այսպիսով, վերստին արձանագրում ենք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը՝ իրականացնելու արմատական բարեփոխումներ, որոնք միտված կլինեն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը և արդյունքում հասարակության կողմից զինված ուժերի նկատմամբ վստահության ձևավորմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասաենյակը շնորհավորում է բոլոր զինծառայողներին և մաղթում անվտանգ ծառայություն, որի գրավականն է յուրաքանչյուր զինծառայողի իրավունքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը:









































