Դատապարտյալ Արթուր Այվազյանի՝ Մանախի գործով մենք մի քանի հրապարակումներ արդեն իսկ ներկայացրել ենք, որտեղ դատապարտյալը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում ինչպես Հոկտեմբերի 27-ի, այնպես էլ տարիներ առաջ Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի դեմ իրականացված մահափորձի գործից:
Օրերս, սակայն, արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Այվազյանի հայտարարությունները որակել էր անհեթեթ և տրամաբանությունից զուրկ: «Ակնհայտ է, որ դիտավորյալ սպանության համար դատապարտված անձը փորձում է ամեն գնով մնալ մամուլի ուշադրության կենտրոնում, որի նպատակը, թերևս, միայն իրեն է հայտնի: Իսկ մամուլի ուշադրությունը գրավելու ամենահեշտ ուղին, բնականաբար, նրանց հետաքրքրող իրադարձությունների, հանրային ճանաչում ունեցող անձանց մասին հայտարարություններով հանդես գալն է: Եվ ոչինչ, որ դրանք զուրկ են տրամաբանությունից, փաստերից: Անգամ վերջին 1-2 տասնամյակում կատարված իրադարձությունների մասին շատերի մոտ է նկատվում հիշողության կորուստ, թերևս դրա վրա էլ խաղարկում է դատապարտյալը: Ուղղակի մեկ-երկու փաստ արձանագրեմ. Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունն իրականացվել է զինվորական դատախազության վարույթում. ընդ որում` խոսքը վերաբերում է թե հիմնական գործին, թե նրանից անջատված առանձին վարույթին: Այդ գործով նախաքննությունն իրականացրել է զինդատախազությունը, իսկ Աղվան Հովսեփյանը չի եղել ոչ զինվորական դատախազ և ոչ էլ քննչական խմբի ղեկավարը: Սրանք անհերքելի փաստեր են, ինչպես նաև այն, որ Աղվան Հովսեփյանն այդ ընթացքում, ինչպես նաև 13 տարի առաջ չի եղել նաև ՀՀ գլխավոր դատախազ: Կարծում եմ, առանձնապես մեծ ջանքեր պետք չեն ճշտելու, թե ով երբ ինչ պաշտոն է զբաղեցրել»,- ասել էր Սոնա Տռուզյանը:
Այս կապակցությամբ վստահելի աղբյուրից «Առաջին լրատվական»-ը ստացել է Արթուր Այվազյանի պատասխանը` ուղղված Աղվան Հովսեփյանին, որ ներկայացնում ենք ստորև:
«Ես միգուցե չպատասխանեի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդական տիկին Սոնա Տռուզյանի կողմից «Առավոտ»-ին տված մեկնաբանությանը, եթե լիարժեքորեն համոզված չլինեի այն փաստում, որ դա ոչ թե անձամբ տիկին Սոնա Տռուզյանի հայտարարությունն է, այլ հենց Աղվան Հովսեփյանինը: Ցանկացած ողջախոհ մարդու համար հասկանալի է, որ Աղվան Հովսեփյանին որպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներկայացնել փորձող և կրծքով պաշտպանող տիկին Տռուզյանը ինքնուրույն կերպով չէր կարող անել նման «պատմական» հայտարարություն, եթե չունենար Գառնիկիչի դակումը և հստակ ցուցումը: Այլապես գուցե Տռուզյան-Հովսեփյան երկյակը 2009 թվականին նույն ակտիվությամբ արձագանքեին «Իրավունք հետաքննություն» թերթում 27 մայիսի 2009 թվականին հրապարակված «Դատապարտյալը հիշատակում է 27-ի գործի մութ ծալքերը» հոդվածում ներկայացված իմ հարցազրույցին: Այս պատասխանում ինձ առավել շատ հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչ է ասում Գառնիկիչը, այլ այն, թե ինչի մասին է նա փորձում լռել: Այս համատեքստում ես նրան պատասխանում եմ այսպես՝ փաստերը համառ բաներ են»:
Ապա Այվազյանը շարունակում է. «Պարոն Աղվան Գառնիկիչ, ի տարբերություն ձեզ, ես երբևէ սովոր չեմ եղել և սովոր էլ չեմ լինի թաքնվել կանանց հետևում, որպեսզի իրադարձությունների ոչ ցանկալի զարգացման դեպքում նման հայտարարությունների ամբողջ պատասխանատվությունը թողնեմ այդ հայտարարությունը տարածած կնոջ ուսերին: Ես այս բանավեճում կփորձեմ պահպանել քաղաքավարության բոլոր կանոնները, ինչը, հավատացեք, չափազանց դժվար բան է, երբ խոսքը վերաբերում է անձամբ ձեզ և ձեր գործունեությանը:
Իմ հայտարարությունները փորձել եք որակել տրամաբանությունից զուրկ, անհեթեթ հայտարարությունների շարան: Անկեղծ ասած` տրամաբանությունից զուրկ, անհեթեթ հայտարարությունների ավելի դասական օրինակ, քան «Առավոտ»-ին տված ձեր մեկնաբանությունն է, ես դեռ չեմ հանդիպել: Իմ կողմից կատարված հայտարարության ամեն մի նախադասությունը, բառը, տառը դուք կարող եք պահել նույնիսկ Շվեյցարական բանկի դեպոզիտային արկղերում` որպես երբեք չարժեզրկվող կապիտալ: Իմ կողմից կատարված ցանկացած հայտարարություն օբյեկտիվորեն հիմնավորված է անհերքելի փաստացի ապացույցների մի հսկայածավալ ամբողջությամբ, ինչի մասին դուք ևս քաջատեղյակ եք:
Ձեր մեկնաբանությունում նշում եք, որ իբր սպանության համար դատապարտված անձը փորձում է ամեն գնով մնալ մամուլի ուշադրության կենտրոնում, որի նպատակը, թերևս, միայն իրեն է հայտնի: Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինձ ակնհայտ անհիմն և ապօրինի կերպով, քաղաքական պատվերով կրկնակի քրեական հետապնդման ենթարկելով, ակնհայտորեն չկատարածս հանցագործության կատարման համար ինձ անօրինակ քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու համար դուք դեռ կանգնելու եք դատարանի առջև որպես ամբաստանյալ: Իհարկե` երկրում իշխանափոխությունից հետո:
Որքան էլ զարմանալի լինի, դուք պետք է հաշտվեք այն իրականության հետ, որ ես շարունակում եմ քաղաքական դրդապատճառներով ոտնահարված իմ օրինական շահերի, իրավունքների և ազատությունների օրենքով չարգելված բոլոր միջոցներով հրապարակային պաշտպանության իրականացումը, որի շրջանակներում էլ հրապարակում եմ այն դեպքերի և անձանց անունները, որոնք փաստացի կերպով և ուղղակիորեն առնչվում են այդ իրադարձություններին: Եթե այդ կապը ձեզ համար իբր նորություն է, ապա առաջարկում եմ ևս մեկ անգամ վերընթերցել ձեր իսկ կողմից սարքված թիվ 132/08/501գործի բոլոր նյութերը: Մի գործ, որը սարքել եք դավադրության թեորիա իրական վարկածի շրջանակներում: Առաջարկում են նաև ուսումնասիրել ՀՀ պետական բոլոր պաշտոնյաներին 2002 թվականից մինչ օրս հասցեագրված իմ գրագրությունները: Վերը նշված գործով, որով ինձ դատապարտել են չկատարածս հանցագործության համար, Հայաստանի երրորդ պատմության մեջ միակ քրեական գործն է, որի նախաքննության ժամանակ փորձ է արվել այդ գործի հետ ամբողջացնել Հոկտեմբերի 27-ի գործը, Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու սպանության վերաբերյալ գործը, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի գործը և մի շարք այլ քաղաքական մահափորձերի ու աղմկահարույց գործերի վերաբերյալ նյութերը:
Մինչդեռ իմ դեմ հարուցված քրեական գործը ընդամենը վերաբերում էր Սամվել Առաքելյանի սպանության փաստին: Բայց այդ ամենը կատարվում էր ձեր թեթև ձեռքով և գիտությամբ: Ես մեղք չունեմ, որ ՀՀ-ում մեկ տասնամյակում կատարված մի շարք քաղաքական իրադարձությունների, որոշ քաղաքական սպանությունների և սպանության փորձերի վերաբերյալ քրգործերն անձամբ ձեր և ՀՀ պետական մի շարք բարձրաստիճան այլ անձանց կողմից փորձ էր արվում ամբողջացնել մեկ ընդհանուր քրեական գործում՝ համարելու համար դրանք լիարժեքորեն բացահայտված: Սակայն դա ձեզ մոտ, բարեբախտաբար, չստացվեց: Ձեր կողմից ղեկավարվող այդ հանցավոր խումբը գործում էր բացառապես համապատասխան քաղաքական պատվերի կատարման շրջանակներում՝ ոտնահարելով ՀՀ Սահմանադրության, օրենքների և միջազգային մի շարք ակտերի համապատասխան պահանջներ: Երևում է, որ ձեր միակ հույսը ժամանակի գործոնն է, որի ընթացքում, ձեր իսկ մեկնաբանմամբ, այդ իրադարձությունների մասին պետք է որ նկատվեր հիշողության կորուստ:
Ձեր մեկնաբանությունում դուք փորձել եք որոշակիորեն նաև մանևրել Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության իրականացման հետ կապված հարցերում: Այդ հարցում դուք կամ Կոմանդոսի նման հիշողության կորուստ եք ապրում, կամ էլ դիտավորյալ կերպով ստում եք հանրությանը:
Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով անջատված առանձին վարույթի վերաբերյալ նախաքննությունը իրականացրել և ավարտել է ՀՀ գլխավոր դատախազությունը, այլ ոչ թե զինվորական դատախազությունը: Կարծում եմ, որ հանրությունը դեռ չի մոռացել այն փաստը, որ այդ վարույթը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ձեռքից վերցվեց: Գտնում եմ, որ այդ կարևոր փաստի վերաբերյալ հանրությանը կարող է և պետք է հայտնի անձամբ Գագիկ Ջհանգիրյանը, ով դեռ համեստորեն լռում է:
Հիշեցնեմ, որ 2001 թվականի հոկտեմբերի 14-ին սպանված վիճակում հայտնաբերված Սամվել Առաքելյանը, ըստ թիվ 132/08/501 քրեական գործ նյութերի, հանդիսացել է հենց ձեր իսկ կողմից վկայակոչված Հոկտեմբերի 27-ի գործից անջատված վարույթով ամենակարևորագույն վկաներից մեկը»,- գրված է նամակում, որից հետո Մանախն անդրադառնում է արդեն Աղվան Հովսեփյանի գործունեությանը:
«ՀՀ քաղաքական և դատաիրավական համակարգերի խոհանոցների մասին անգամ հեռավոր պատկերացում ունեցող ցանկացած գիտակ մարդ առնվազն 10 ստորագրություն կդնի իմ այն ասածների տակ, որ դուք մինչև օրս իրականում հանդիսանում եք ՀՀ դատաիրավական համակարգը ղեկավարող մոխրագույն միակ կարդինալը: Դուք բացառիկ մասնակցություն ունեք ՀՀ դատաիրավական համակարգի կողմից պատվիրված գործերի և այլ ապօրինությունների իրականացման արատավոր պրակտիկայի կազմավորման և զարգացման գործում:
Եթե օրեր առաջ ԱԱԾ նախկին պետ պարոն Դավիթ Շահնազարյանը ՀՀ երկրորդ նախագահին անվանեց ՀՀ Սահմանադրությունը բազմաթիվ անգամներ խախտած ռեցիդիվիստ, ապա ես ձեզ հիմնավորապես հայտարարում եմ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները բազմաթիվ անգամներ խախտած առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ: Հասարակությունը դրանում իրականում կհամոզվի այն ժամանակ, երբ իշխանափոխությունից հետո դուք նույնպես կկանգնեք արդար դատարանի առջև, և հայ ժողովուրդը կճանաչվի տուժող: Դուք միչ օրս շարունակում եք կազմաքանդել ՀՀ դատաիրավական համակարգը:
Ես երբեք չեմ համարել, որ ՀՀ-ն ունի գլխավոր դատախազ, այդ պաշտոնն ինձ համար միշտ թափուր է եղել: Եվ երբ ձեր հրաժարականից հետո դատախազ նշանակվեց Սուրիկիչը, և երբ նրա առաջին գործը չեղավ ձեր դեմ համապատասխան քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսելը, ինչի հիմքերը բազմաթիվ են, ինձ համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը շարունակում է մնալ թափուր: Երբ ձեր դեմ քրեական հետապնդում սկսվի, և դուք կանգնեք արդար դատարանի առջև, ապա բանտերից հարյուրավոր անմեղ մարդիկ որպես արդարացվածներ ազատ կարձակվեն: Դրանից հետո բանտերում կհայտնվեն այնքան դատավորներ, դատախազներ, քննիչներ, դատական բժիշկներ ու փորձագետներ, որ անգամ քրեական հանցագործություն կատարած սովորական քաղաքացիների համար բանտերում տեղ չի լինի:
Այդ ժամանակ լիարժեքորեն կբացահայտվեն Շանթի հայտնի գործով բանտում մահացած երջանկահիշատակ Աշոտ Հարությունյանի մահվան իսկական հանգամանքները, Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ, Գագիկ Պողոսյանի, Սամվել Առաքելյանի, Վահրամ Խոռխոռունու, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, գերերալ-մայոր Իոնիս Մարգարյանի սպանությունները, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ կատարված և մի շարք այլ մահափորձեր և բազմաթիվ այլ աղմկահարույց հանցագործությունները, որոնք դուք հաջողությամբ կոծկել եք:
Դուք Հաագայի միջազգային դատարանի առջև կանգնելու ենթակա անձ եք: Դուք ձեր գործունեությամբ հաստատապես ապացուցել եք, որ չարորակ գոյացություն եք ՀՀ դատաիրավական համակարգի մեջ ձեր մետաստազներով հանդերձ:
Եվ վերջում ձեզ ցանկանում եմ ուղղել մի շատ կարևոր հարց: Ինչո՞ւ եք մամուլում ձեր որոշ նյութերի հետ տեղադրել տալիս ձեր սպիտակ գույնի հատուկ համազգեստով նկարը: Մի՞թե այդպիսով փորձում եք քողարկել մարդկային արյան այն կարմիր գույնը, որում թաթախված եք մինչև ձեր ձեռքերի արմատները: Դուք մի՞թե մոռանում եք այն մասին, որ մարդկային արյունը, առավել ևս դրանից գոյացած լիճը ունեն յուրահատուկ գարշահոտություն, որն անխնայորեն փչում է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից:
Եթե ես մի փոքր հարստանամ, որոշել եմ ձեզ մի նվեր մատուցել: Բարձրակարգ մի նկարչի մոտ շատ թանկարժեք մի կտավի վրա պատվիրելու եմ մի նկար, որտեղ պատկերված է լինելու մարդկային արյունից գոյացած մի լիճ, լճից վեր խոյացող մարդկային գանգերից կազմված գարձրագագաթ մի սար, որի վրա կանգնած եք լինելու դուք` Նապոլեոնի զինվորական հագուստով, գլխարկով, արքայական ճտքավոր կոշիկներով, իսկ ամենակարևորն այն, որ ձեր դեմքին հպարտության ժպիտ է լինելու: Այդ կտավը լինելու է ոսկեզօծ շրջանակի մեջ: Կարծում եմ, որ այդպիսի մի նկար ստանալուց հետո դուք կդադարեք անել այն, ինչ արել և շարունակում եք անել մինչև օրս: Դուք կամայականությունների հարթությունից կվերադառնաք իրավական հարթություն և վերջապես կհասկանաք, որ յուրաքանչյուր ոք իրավունք չունի շարժվելու սեփական նպատակահարմարությամբ, քանի որ օրենքը դա բարձրագույն նպատակահարմարությունն է:
Իրոք որ` կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»:










































