«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
–Պարոն Հակոբյան, հետաքրքիր է, հետևո՞ւմ եք քարոզարշավին, ի՞նչ տպավորություններ եք ստանում։
-Ընդհանուր առմամբ, նորմալ քարոզարշավ է։ Ես համոզված եմ, որ ՔՊ-ն մեծ տոկոսներով կրելու է։ Ժողովուրդը հիասթափված է նախկինում ընտրություններին մասնակցած կուսակցություններից, տեսել է, թե դրանք ինչի են ընդունակ, ինչ են արել էս 25 տարվա մեջ։ Հանրապետականն է մի քիչ օյինբազություն անում, որը բնական է, իրան է ուզում ցույց տալ։ Բայց դե ժողովուրդը արդեն շատ լավ գիտի, թե ով ով է, վաղուց տեսել է, թե ինչի է ընդունակ Հանրապետականը։
–Հանրապետականի քարոզչությամբ, ՀՀԿ-ի շահերը առանձնակի ոգևորությամբ պաշտպանում է նախկին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, սկսել է որոշակի ինտրիգային հայտարարություններ, բացահայտումներ անել։ Առհասարակ, ինչո՞վ եք բացատրում Շահնազարյանի այս ոգևորությունը, ինչո՞ւ է նա մղվել առաջին պլան։
-Տարածքների հանձնման մասին էս 20 տարի խոսում են, միշտ էլ լսել ենք։ Նախկին իշխանությունները էս 20 տարի դա համարում են կոզիր իրենց ձեռքում, անընդհատ շահարկում էին, որպեսզի դրանով զսպեին երկրի ներսում առաջացող ցանկացած բողոքի ալիք։ Ինչ լարվածություն լինում էր, ասում էին՝ Ղարաբաղի խնդիր կա, տեսեք, թուրքերին մի ուրախացրեք։ Հիմա էլ են նույնն անում։ Բայց ոչ մի հանրապետական էս երկրի համար չի կարա էնքան սրտացավ լինի, ինչքան ներկայիս վարչապետը, որը հեղափոխություն արեց։ Իրենք 20 տարի էդ կոզիրով իշխանություն են պահել, բայց տեսանք, թե երկիրը ինչ վիճակի բերեցին ու հասցրեցին։ Իրենք որ Ղարաբաղի մասին մտածող լինեին, էնպես չէին անի, որ Ղարաբաղը այս աստիճան թուլանար, այդ միլիարդավոր դոլարները չէին լափի ու կտանեին Ղարաբաղը կհզորացնեին, կշենացնեին։
–Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ հենց Ղարաբաղ կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանն է հիմա այդ կոզիրը փորձում շահարկել։
-Ես չեմ կարող Դավիթ Շահնազարյանի մասով բան ասել, քանի որ ինքն էլ շատ չի տանջվել այդ ճանապարհին։ Ու կտեսնեք, որ հետո ժամանակի ընթացքում կպարզվի, որ Շահնազարյանի՝ ՀՀԿ-ի ներսում լինելը մեզ համար ավելի օգտակար կլինի, որովհետև ես լավ գիտեմ, որ Հանրապետականը ընդունակ է ամենակեղտոտ բաների։ Մենք տեսել ենք Հոկտեմբերի 27, Մարտի 1, Ապրիլյան պատերազմ։ Համոզված եմ, որ Դավիթ Շահնազարյանը, ՀՀԿ-ի ներսում լինելով, կկանխի նոր վտանգներ։
–Բայց Շահնազարյանի այսօրվա հայտարարությունները ճիշտ հակառակն են փաստում։ Նա Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Մարտի 1-ը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Հայտարարել է, որ Փաշինյանը Արցախի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը։
-Դավիթ Շահնազարյանն ասում է, բայց նրա ասածն այսօր միանշանակ չի ընդունվում։ Մեր ժողովրդի 1 տոկոսն էլ չի հավատում Շահնազարյանի ասածին։ Մեր ժողովուրդը հավատում է իր առաջին նախագահին, որը հաղթող նախագահ է եղել, նորմալ վիճակով, հզոր բանակով հանձնել է Քոչարյանին երկիրը, ու հետո տեսել ենք, թե ինչ է կատարվել։ Սասուն Միքայելյանի ասածը սարքեցին մեծ պատմություն, բայց նրա ասածը սխալ դուրս կգար այն ժամանակ, երբ որ Մարտի 1 չունենայինք, Ապրիլյան չունենայինք, Հոկտեմբերի 27 չունենայինք։ Իսկ հեղափոխությունը փրկեց հա՛մ Ղարաբաղը, հա՛մ էլ Հայաստանը։ Հիմա ինչպես կարող ենք ասել, որ հեղափոխությունը առաջնային չէր։ Պատկերացրեք՝ մի քանի տարի հետո լիներ այս հեղափոխությունը։ Պատկերացրեք՝ ինչ էր լինելու՝ մի կես բանակ էինք ունենալու, կես Հայաստան։ Ադրբեջանն առանց պատերազմի կաներ իր ուզածը։
–Այսինքն՝ Դուք Սասուն Միքայելյանի հայտարարության մեջ ճշմարտությո՞ւն եք տեսնում։
-Այո, միանշանակ։ Սասուն Միքայելյանի ասածը ես նախկինում՝ Մարտի 1-ի ժամանակ, Ապրիլյանի ժամանակ մի քանի անգամ ասել եմ։ Նախկին իշխանությունները ինչքան երկար մնային իշխանության, այնքան արագ կքանդեին երկիրը, ժողովուրդը բռնել էր գաղթի ճանապարհը։ Մի քանի տարի հետո էլ ինչ Ղարաբաղի հարց կարող էր լինել։ Դրա համար էլ այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, որ Հայաստանը փրկեր, իսկ Ղարաբաղը, այսպես թե այնպես, Հայաստանից չենք առանձնացնում։
–Հիմա ձեր ասած՝ երկիր քանդողները նորից մասնակցում են ընտրություններին։ Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն շանս ո՞ւնի նորից հայտնվելու խորհրդարանում։
-Չեմ կարծում։ Խելքս չի կտրում, որ ժողովուրդը 1 տոկոսից ավելի ձայն կտա։ Միշտ էլ ՀՀԿ-ի իրական ձայները 1-2 տոկոս է եղել, բայց իրենք նկարել են այդ թվերը։ Հիմա էլ, չեմ կարծում, որ դրանից ավելի կլինի։ Ժողովուրդը միասնական է լինելու, մի մարդու պես կանգնելու է Նիկոլ Փաշինյանի հետևին։ Առաջին, երկրորդ, երրորդ ուժն էլ խորհրդարանում ՔՊ-ն է լինելու։
–Դուք անձնապես սատարո՞ւմ եք որևէ թեկնածուի ձեր տարածում։
-Այո, չեմ մասնակցում ընտրություններին, բայց սա նաև մեր հաղթանակն է, ու ես ամբողջ հանրապետությունով մեկ իմ ծանոթներին պնդում եմ ձայն տալ «Իմ քայլին»։ Մենք պետք է ամրագրենք այս հաղթանակը։







































