Այս տարվա սկզբին ֆուտբոլասերներն անհամբեր սպասում էին Աբովյանի «Կոտայքի» մասնակցությանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Ակումբի վերակազմավորման և հայկական ֆուտբոլում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հավակնությունների մասին խոսել էր նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Դեռ չկազմավորված «Կոտայքը» լուծարվեց, ինչը ոչ միայն անսպասելի էր, այլև հիասթափեցնող:
«2018 թվականի հունվար-փետրվար ամիսն էր, երբ աշխատանքի բերումով գտնվում էինք արտասահմանում: Ինձ զանգահարեց ընկերներիցս մեկը և ասաց՝ ցանկություն կա «Կոտայք» ֆուտբոլային ակումբ վերաբացելու և մեզ հետ համագործակցելու: Պատասխանեցի, որ եթե նախագիծը լուրջ է, մենք շատ հետաքրքրված ենք մասնակցություն ունենալ: Մյուս հեռախոսազրույցն արդեն սպորտի նախարարի հետ էր: Պայմանավորվեցինք Երևանում հանդիպել և քննարկել մանրամասները: Հայաստանում բանակցությունները շարունակվեցին, և հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Բայց նաև ասացին, որ ակումբը ֆինանսավորելու է Գագիկ Ծառուկյանը, նախագիծն ամբիցիոզ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Legal Sport ֆուտբոլային գործակալության հիմնադիրներից Խորեն Քալաշյանը:
Վերջինիս խոսքով՝ կազմվել էր բավական լուրջ ծրագիր, որի հիմքում տարածաշրջանի մասշտաբով սուպեր ակումբ ունենալն էր: «Մեր ներկայացրած նախագծում տեխնիկական տնօրենը պետք է լիներ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ՝ դանիացի Ֆլեմինգ Սերիցլևը, ում հետ մի քանի անգամ հանդիպել էր նաև սպորտի նախարարը: Մենք բանակցում էինք 5 մասնագետների հետ, Հայաստան հրավիրեցինք նրանցից չեխ Դուշան Ուհրինին, չնայած համոզված չէինք, որ հարկավոր է նրան վստահել թիմը: Դրանից հետո հրավիրեցինք Յակոբ Միկելսենին. նա մայիսից գլխավորում է «Օդենսե» թիմը, որը Դանիայի առաջնությունում երրորդ տեղում է: Ապրիլ ամսվա դրությամբ նրա հետ արդեն համաձայնություն ունեինք: Նաև հրավիրեցինք «Նապոլիում» 7 տարի աշխատած ֆիզպատրաստության մարզիչ Կորադո Սակոնեին: Նա իտալական այդ թիմում եղել է Վալտեր Մացարիի, Ռաֆայել Բենիտեսի ու Մաուրիցիո Սարրիի պես հռչակավոր մարզիչների շտաբում: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ նաև ակումբի նախագահի պաշտոնն առաջարկելու Ռոման Բերեզովսկուն: Նա եկավ Հայաստան, միասին հանդիպեցինք նաև սպորտի նախարարի հետ: Բացի այդ, քննարկում էինք Ռոման Բերեզովսկու անվան դարպասապահների ակադեմիա բացել, որը նա կղեկավարեր: Դա հնարավորություն կտար նրան մշտապես բնակություն հաստատել Հայաստանում: Կազմել էինք 5 տարվա նախագիծ, որը զարգացման փուլերի էր բաժանված: Այդ ժամանակահատվածի հինգերորդ տարում «Կոտայքը» պետք է լիներ Եվրոպա լիգայի խմբային փուլում: Նաև պարտադիր պայման էր, որ ակումբն այնպիսի սաներ ունենար, որ նրանք այդ մրցաշարում հանդես գալու մակարդակի հասնեին»,- ասաց Քալաշյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Էրեբունի» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Առաջին խմբում և պետք է վերանվանվեր «Կոտայք»: Դրա արդյունքում թիմը միանգամից հանդես կգար Բարձրագույն խմբում: Ավելին, մոտ 250 արտասահմանցի ֆուտբոլիստներ են դիտարկվել, որոնցից 10-15-ը պետք է հրավիրվեին:
«Legal Sport»-ին հանձնարարվել էր կազմել բիզնես ծրագիր, բրենդինգ անել: Մասնավորապես, արդեն իսկ պատվիրվել էր «Ադիդաս»-ի արտադրության մարզահագուստ, որի համար վճարել էր «Կոտայք» ակումբը: Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր «Կոտայքի» և Ծառուկյանի շռնդալից մուտքին հայկական ֆուտբոլ բայց…
«Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Դրանից հետո մեկ անգամ հանդիպեցինք, հարցրինք՝ արդյոք նախագիծն ուժի մե՞ջ է: Մեզ ասացին՝ ուժի մեջ է: Շատ կարևոր էր ապագայի վերաբերյալ հստակություն ունենալ, որովհետև նույն Յակոբ Միկելսենի հետ նախնական պայմանավորվածություն կար, և նա սպասում էր պայմանագիր կնքելուն: Այդ ժամանակ արդեն շատ դժվար էր դարձել ապագա ակումբի ղեկավարներից որևէ մեկի հետ կապվել: Սպորտի նախարարն արդեն ԱԻ նախարար էր նշանակվել: Այնուամենայնիվ, կարողացանք նրա նոր աշխատավայրում հանդիպել, որտեղ նա ասաց, որ այս նախագիծը լինելու է: Մոտ մեկ շաբաթ հետո փաստաթղթերը ստորագրելու ժամանակն էր, սակայն ձայն չկար, ևս մեկ շաբաթ, և կրկին նույնը… Որպեսզի պատասխանատվությունը մեզ վրա չմնար, Միկելսենին ասացի, որ ավելի լավ է նա այլ տարբերակներ փնտրի. այստեղ անորոշություն է: Նա շատ բարձր գնահատեց այդ անկեղծությունը և գնաց «Օդենսե»: Դրանից հետո մեզ ասացին, որ այս նախագիծը չի լինելու, անորոշ ժամանակով հետաձգվել է»,- նշեց Քալաշյանը:
Նրա խոսքով՝ նախագծի շուրջ պատրաստ են շարունակել աշխատել, եթե փոխվեն մոտեցումները: «Եթե մոտեցումը փոխվի, հնարավոր է՝ այո: Փաստն այն է, որ մեր երեք ամսվա ամենօրյա աշխատանքը ոչ միայն չիրագործվեց, այլև մենք դրա համար մինչև հիմա չենք վարձատրվել»,- եզրափակեց Քալաշյանը:


































