Ստրասբուրգում այսօր բացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի կենտրոնական թեմաները կդառնան Ուկրաինայում տիրող իրավիճակը, «Մագնիտսկու գործով» զեկույցը և վեհաժողովի նոր ղեկավարի ընտրությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայում ընթացիկ վիճակով անհանգստացած եվրախորհրդարանականները հանդես են եկել նստաշրջանին Ուկրաինայի վերաբերյալ անհապաղ դեբատներ անցկացնելու առաջարկով:
Վեհաժողովի նստաշրջանի նախօրեին Եվրոպայի խորհրդի առջև Ուկրաինայի պարտավորությունների հարցերով զեկուցողներ Մայլիս Ռեպսն (Էստոնիա) ու Մարիետա դե Պուրբե-Լունդինը (Շվեդիա) կտրականապես դատապարտել են ուկրաինական մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ բռնության սրումը: Նրանք ԵԽԽՎ-ին կոչ են արել հստակ դիրքորոշում ընդունել երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ոչ պակաս սուր թեմա կդառնա շվեյցարացի խորհրդարանական Անդրեաս Գրոսի զեկույցի քննարկումը Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան առնչությամբ: Փաստաթղթում նշվում են ռուսական կողմից անցկացվող հետաքննության գործում դրական պահերը, սակայն միևնույն ժամանակ առկա է նրա մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչ: Նստաշրջանի նախօրեին ռուսական պատվիրակությունը զեկույցն անվանել է կողմնակալ:
Նստաշրջանի շրջանակում կանցկացվեն վեհաժողովի նախագահի ընտրություններ: Երկամյա ժամկետով պաշտոնին հավակնում են «Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք» խմբի ղեկավար Աննա Բրասերը (Լյուքսեմբուրգ) և «Եվրոպացի դեմոկրատներ» խմբի նախկին ղեկավար Ռոբերտ Ուոլթերը (Մեծ Բրիտանիա):










































