Կրակովում տեղի կունենա Լեհաստանի, Իսրայելի և այլ երկրների խորհրդարանականների համատեղ նիստը՝ նվիրված խորհրդային զորքերի կողմից «Աուշվից-Բիրկենաու» հիտլերյան համակենտրոնացման ճամբարի ազատագրման 69-ամյակին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Այսօր նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Յուրաքանչյուր տարի վերոնշյալ համակենտրոնացման ճամբարի վայրում բացված թանգարանում անցկացվում են միջոցառումներ՝ քաղաքական գործիչների, նախկին դատապարտյալների և հասարակական գործիչների մասնակցությամբ:
Արարողությունից հետո «Հիշողություններ «Աուշվիցի» մասին. հիշելով անցյալը, նայելով ապագային» կարգախոսով թանգարանում տեղի կունենա խորհրդարանականների հանդիպում, որին ներկա կլինեն Իսրայելի Կնեսետի 60 անդամներ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Հունգարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լիտվայի, Իտալիայի, Իսպանիայի, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանականները:









































