Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շուրջ 50 հասարակական կազմակերպություններ անցկացնում են «Ցասման օր» անունը կրող ցույցը` ուղղված նախագահ Ֆրանսուա Օլանդի և նրա կառավարության քաղաքականության դեմ` հաղորդում է ITAR-TASS-ը:
Ակցիան կազմակերպել են պահպանողական ծայրահեղական հասարակական-քաղաքական խմբավորումները: Ցուցարարների պահանջներից մեկն է ֆրանսիական համայնքի կյանքը կազմակերպել այնպես, որպեսզի դրա վրա ճնշում չգործադրեն օլիգարխիկ կուսակցությունները, ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան:
Չնայած հորդառատ անձրևին՝ ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ, որոնք պահանջում են Ֆրանսուա Օլանդի և կառավարության հրաժարականը: Ցուցարաները պահանջում են նաև չեղյալ հայտարարել միասեռական ամուսնություններն օրինականացնող, հղիության ընդհատումը հեշտացնող բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովող օրենքները: Կոչեր են հնչում ավելի արդյունավետ պայքարել գործազրկության դեմ:
Ոստիկանության տվյալներով` տեղի է ունեցել մի քանի հարձակում լրագրողների դեմ:










































