Հայաստանից նվազում է հանքարդյունաբերական ապրանքների արտահանումը եւ դրա պատճառն այն է, որ Թեղուտի հանքավայրը չի աշխատում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը բանակցություններ է վարում, ջանքեր է գործադրում, որպեսզի Թեղուտի շահագործումը սկսվի։ Բայց մենք հայտարարել ենք նաեւ, որ մեր գործունեության հիմքում դրված է նաեւ էկո-Հայաստանի հայեցակարգը, կանաչ Հայաստանի հայեցակարգը։ Սա մեզ համար շատ կարեւոր է, բայց սա չի նշանակում, որ մենք Հայաստանում բացառում ենք հանքարդյունաբերությունը։ Մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներով։ Եւ այն խնդիրներին, որոնց մենք առնչվում ենք, ամենաբարդը Ամուլսարի խնդիրն է»,– ասաց Փաշինյանը։











































