Հայաստանում խորհրդարանի ընտրությանը զուգահեռ՝ տեղի էր ունենում մեկ այլ ընտրական գործընթաց, որը հանգուցալուծվեց նախօրեին: Ու թեև այն Հայաստանի սահմաններից դուրս էր, սակայն այդ գործընթացի սահմանները զգալիորեն ներառում էին նաև Հայաստանի պետական շահն ու անվտանգությունը ընդգրկող բազմաթիվ հարցեր:
Խոսքը Վրաստանի նախագահի ընտրության մասին էր, որտեղ կայացավ երկրորդ փուլը, և միմյանց դեմ պայքարեցին Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում տարբեր տարիներին արտգործնախարարներ աշխատած Գրիգոլի Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին: Վաշաձեն ներկայումս էլ Սաակաշվիլիի թիմակից է, իսկ ահա Զուրաբիշվիլին, կուսակցական չլինելով, ըստ էության իշխող «Վրացական երազանքի» կամ, այլ կերպ ասած, Բիձինա Իվանիշվիլիի թեկնածուն էր: Զուրաբիշվիլին հաղթեց նաև երկրորդ փուլում՝ ստանալով 59,5 տոկոս: Վաշաձեն ստացավ 40 տոկոս:
Վրացական ընտրության առանձնահատկություններից մեկը թերևս այն էր, որ այն ըստ էության շատ ավելի աղմկոտ ստացվեց, քան նախորդ ընտրությունները, և ըստ էության 2012 թվականին խորհրդարանի ընտրությամբ օրինակելի իշխանափոխություն ցուցադրած Վրաստանը դրանից հետո անցկացնում է ավելի ու ավելի աղմկոտ ընտրություններ: Աղմկոտ՝ ոչ քաղաքական բովանդակության իմաստով, այլ ընտրական գործընթացի օրինականության հետ կապված դժգոհությունների: Իհարկե, այստեղ կա քաղաքական մշակույթի, մտածողության հարցը, երբ այդ աղմուկը կիրառվում է ոչ իբրև բուն իրավիճակով պայմանավորված արձագանք, այլ իբրև քաղաքական տեխնոլոգիա: Բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում:
Եվ այդպիսով, Վրաստանում տեղի ունեցած ընտրությունը Հայաստանին տալիս է երկու հիմնական եզրակացության տեղիք: Վրաստանում պահպանվում է իշխանությունը կամ, այսպես ասած, իշխանության «ամբողջականությունը», քանի որ երկիրը խորհրդարանական մոդելի է, և առաջնային մանդատը ըստ էության խորհրդարանինն է: Այդուհանդերձ հստակ էր, որ Վաշաձեի հաղթանակը կիսելու էր իշխանությունը և շատ ուշագրավ իրավիճակ ստեղծեր գալիք խորհրդարանի ընտրությունից առաջ: Այդուհանդերձ, այդ իրավիճակը չի էլ բացառվում՝ հաշվի առնելով թե՛ ընտրական գործընթացի հետ կապված աղմուկը, որ կա գնահատականների առումով, թե՛ նաև ցուցանիշները, երբ ակնհայտ է, որ հանրությունը կարծես թե կողմնորոշված է երկու մասով, և տարբերությունն իրականում արձանագրված է 20 տոկոսի չափով, սակայն մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ հնարավոր է ասել, որ իրականում շատ ավելի փոքր է:
Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխատել մի Վրաստանի հետ, որտեղ իշխանությունն ունենալու է ներքին լարվածության բեռ և հնարավոր խնդիրներ: Այստեղ կա ոչ միայն երկկողմ հարաբերության, այլ նաև վիրահայ զգալի համայնքի խնդիրը, որը, սակայն, մի կողմից՝ պահանջելով բավականին նուրբ աշխատանք, մյուս կողմից՝ կարող է լինել Վրաստանի հետ արդյունավետ և ճկուն աշխատանքի հնարավորություն: Իհարկե, այս եզրահանգման ներքո կարող ենք տեղավորել արդեն երկկողմ կարևոր խնդիրների մի ամբողջ ենթախումբ՝ ներառյալ անվտանգության հարցերը, որտեղ Հայաստանն ու Վրաստանն ունեն ուղղակի անբեկանելի ընդհանուր շահեր:
Մյուս ասպեկտն այն է, որ մենք տեսնում ենք ռեգիոնալ ժողովրդավարության լոկոմոտիվի դերի անկումը: Վրաստանը լոկոմոտիվ է եվրաատլանտյան ինտեգրացիայի, բայց արդեն թերևս ոչ բուն ժողովրդավարական պրոցեսների առումով: Այդ տեսանկյունից Հայաստանն է հայտնվում առաջատար դերում, և եթե դեկտեմբերի 9-ի ընտրությունը հաջողվի անցկացնել այնպես, ինչպես Երևանի ավագանու պարագայում, ապա անկախ տոկոսային հարաբերությունից՝ Հայաստանը առկա ֆոնին ուղղակի զգալի առաջընթաց կարող է արձանագրել ժողովրդավարության «կենտրոնի» իմաստով, և այն Վրաստանից կտեղափոխվի Հայաստան:
Այստեղ իհարկե պետք չէ իրավիճակը դիտարկել երկու երկրների միջև մրցակցության առումով, սակայն Հայաստանն իհարկե պետք է օգտվի առկա իրողություններից, որովհետև վերջին հաշվով այդ տեսանկյունից ուժեղացող Հայաստանը միայն ու միայն ավելի ուժեղ գործընկեր ու դաշնակից է Վրաստանի համար, և ուժեղ Հայաստանը Վրաստանի համար ապահովություն է, ոչ թե հակառակը: Ի վերջո՝ Հայաստանը չի խլում ոչ մի դեր, Հայաստանը ստանձնում է իրենը:










































