Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան ու դերասան Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին:
Մանկությունը մոր հետ անցկացրել է արտաքսման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։
Վիսոցկին տասնյակ դերեր է խաղացել թատրոնում, այդ թվում՝ մարմնավորել է Համլետին (Շեքսպիրի «Համլետ»), Գալիլեյին (Բրեխտի «Գալիլեյի կյանքը»), Լոպախինին (Չեխովի «Բալենու այգին»):
Առավել հատկանշական են նրա աշխատանքները կինեմատոգրաֆում՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Փոքրիկ ողբերգություններ», «Տայգայի տերը», «Կարճատև հանդիպումներ», «Վատ լավ մարդը»: Մոսկվայի Տագանկայի դրամայի ու կատակերգության թատրոնի դերասան էր:
Վիսոցկին պատմության մեջ մտավ որպես կիթառի ուղեկցությամբ իր երգերը կատարող հեղինակ: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։
Չնայած նա անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, սակայն դեռ կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։
1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ։









































