Եվրոպայի խորհուրդը անհանգստացած է Եվրոպայում հակասեմիտականության աճով, որը Հոլոքոստից 70 տարի անց արտահայտվում է գերազանցապես հաղորդակցության ժամանակակից ձևերով: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը՝ հունվարի 27-ին նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ:
«Խորը արմատավորված թշնամանքը շարունակում է սպառնալ հրեաների մարդկային արժանապատվությանը ու անվտանգությանը ամբողջ Եվրոպայում»,- ասել է նա:
Հանձնակատարը հիշեցրել է սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որը 2012թ. անցկացրել էր Եվրամիության՝ մարդու հիմնարար իրավունքների հարցով գործակալությունը: Հարցումն անցկացվել էր եվրոպական 8 երկրներում (Բելգիա, Հունգարիա, Գերմանիա, Իտալիս, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Շվեդիա): Հարցման արդյունքներով՝ հարցման ենթարկված հրեաների 76%-ը ասել էր, որ վերջին 5 տարում իրենց պետություններում սրվել է հակասեմիտականությունը:
Մույժնիեքսի խոսքով՝ ներկայում «աճում են ազգային ու կրոնական անհանդուրժողականության դրսևորման ժամանակակից ձևերը»:
Հանձնակատարը դիմել է ԵՄ անդամ երկրներին՝ կոչ անելով «զբաղվել համացանցում հակասեմիտականության աճի խնդիրներով»:
Դրա համար, ըստ նրա, իշխանությունները պետք է ռասայական ատելության դրսևորման դեպքերի մասին «պարբերաբար տվյալներ հավաքեն ու դրանք վերլուծության ենթարկեն», որպեսզի մշակեն հակազդման արդյունավետ միջոցներ:









































