Ուկրաինական իրադարձությունները Հայաստանում դարձել են ոչ միայն համեմատությունների, այլ նաև հեղափոխության հեռանկարների և որպես փոփոխությունների գործիք՝ արդյունավետության մասին բանավեճի առիթ: Այդ բանավեճը պարբերաբար թեժանում է Հայաստանում, օրինակ՝ վերջին թեժացումների առիթ եղան նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործողությունները: Սակայն ամեն ինչ արագ մարեց, թեև պետք է նկատել, որ այդ թեժացման ընթացքում ըստ էության նոր գաղափարներ և մոդելներ չհնչեցին էլ, իսկ եղածների շրջանառությունը տեղի ունեցավ ավանդական մոտեցումների վերարտահայտմամբ:
Ուկրաինական ներկայիս իրադարձությունները կրկին ակտիվացրել են թեման Հայաստանում, իհարկե՝ ոչ այնպես և այնքան, ինչքան նոյեմբերյան ակտիվացումն էր: Ըստ էության, առայժմ կրկին չկան նոր գաղափարական և մեթոդաբանական առաջարկներ՝ կապված հեղափոխության հիմնարար գաղափարի հետ: Եվ այս առումով հնչող մոտեցումները շարունակում են մնալ արդեն ծանոթ շրջանակներում: Անե՞լ, թե՞ չանել հեղափոխություն. մինչ այս հարցը Հայաստանում շարունակում են պարբերական ակտիվությամբ հնչեցնել, Հայաստանում, ըստ էության, տեղի է ունենում հեղափոխություն, պարզապես այդ հեղափոխությունն ունի ներքին բնույթ, քիչ են առերևույթ դրսևորումները, և դանդաղ է տեմպը:
Հայաստանում հասարակության մոտ կոտրվում է այն ստերեոտիպը, որ հասարակական-քաղաքական ակտիվության խնդիրը բացառապես քաղաքական կուսակցությունների և լիդերների խնդիրն է: Իսկ սա ըստ էության հեղափոխական նշանակություն ունեցող փոփոխություն է, որ կատարվում է հանրային գիտակցության մեջ: Սա բերում է նաև քաղաքական լիդերի ընկալման չափանիշների և մեկնակետերի վերաբերյալ փոփոխությունների՝ այդպիսով ավելի մեծացնելով հավանականությունն այն բանի, որ իրականում լիդերները կդառնան հասարակության գործիք, ոչ թե գործիք կդարձնեն հասարակությանը:
Այդ փոփոխությունները հեղափոխական են այն պատճառով, որ փոխում են ոչ միայն հասարակական-քաղաքական պրոցեսների ներկայացուցչականության մակարդակը, այլև կառուցվածքն ընդհանրապես:
Արդյունավետության հարցն այստեղ անկասկած մնում է ամենամեծ բացերից մեկը: Չկա ոչ մի երաշխիք, որ այդ հեղափոխությունը կավարտվի, այսպես ասած, արդյունավետ ելքով: Եվ դժվար է, իհարկե, բերել երաշխիքներ: Սակայն կա նաև մի պարզ փաստ՝ արդեն երկու տասնամյակ շարունակ պայքարի, այսպես ասած, մինչհեղափոխական տարբերակը՝ քաղաքական ուժերի անվիճելի առաջնորդությամբ և թելադրանքով, չի հանգեցրել հիմնարար արդյունքների, եղել է անարդյունավետ: Եվ ուրեմն այդ մեթոդաբանությունից հրաժարվելը և ինչ-որ նորին անցնելն արդեն իսկ պետք է դիտել որպես անհրաժեշտություն: Եվ հասարակությունն այսօր կատարում է հենց հնից նորին անցումը:
Չի բացառվում, որ անարդյունավետ կարող է լինել նաև նորը, բայց եթե իշխանափոխության նախադեպեր Հայաստանում չեն լինում, ապա գոնե պետք է լինեն հասարակական-քաղաքական պայքարի մարտավարության փոփոխության, այսինքն՝ ճկունության նախադեպեր, որպեսզի հասարակությունը չշարունակի ևս երկու տասնամյակ կառչած մնալ միևնույն անհեռանկար մեթոդին և պտտվել շրջանաձև:
Այդ տեսանկյունից երևի ժամանակն է Հայաստանում չխոսել հեղափոխության նախընտրելի կամ ոչ նախընտրելի ճանապարհ լինելու մասին, որովհետև Հայաստանն արդեն այդ ճանապարհին է: Հետևաբար այսօր ժամանակն է քննարկել, թե ինչպես հարստացնել հեղափոխության ճանապարհի այդ ընթացքը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































