«Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Կիևում ազատության համար պայքարում զոհվածների հիշատակին»,- այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ԱԱ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Խորհրդանշական է, որ առաջին զոհը հայ երիտասարդ էր, որը պայքարում էր Ուկրաինայի ազատության համար: Այսօր Սերգեյ կամ ինչպես ասում են՝ Սամվել Նիգոյանը դարձել է ոչ միայն Մայդանի խորհրդանիշը, այլև հայ-ուկրաինական ժողովուրդների համատեղ ազատության, պայքարի խորհրդանիշը»:
Նրա խոսքով՝ այսօր Մայդանում վճռվում է ոչ միայն Ուկրաինայի ապագան, ազատությունն ու անկախությունը, այլև Մայդանը այսօր պայքարում է շատ ու շատ ժողովուրդների, այդ թվում՝ մեր անկախության համար. «Մենք սատարում ենք Ուկրաինայի ժողովրդին, համոզված ենք, որ ռուսական կայսերապետության այս քաղաքականությունը՝ մեր, Ուկրաինայի և այլ երկրների նկատմամբ, դատապարտված է: Նիգոյանը և մյուսները զոհվեցին ռուսական կայսերապետության դեմ պայքարում, և ես կասկած չունեմ, որ թե Ուկրաինան, թե Հայաստանը ամբողջովին վերականգնելու են իրենց փաստացի ինքնիշխանությունը: Թե՛ Հայաստանը, թե՛ Ուկրաինան իրենց ապագան կերտելու են Եվրոպայի կողքին, որովհետև Ուկրաինայում պայքարում են մարդու իրավունքների և ազատությունների համար»:
Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Կրեմլն այնտեղ օգտագործում է այն մեթոդները, որն օգտագործել է Մարտի 1-ին՝ Երևանում. «Ես համարում եմ, որ Նիգոյանը Մարտի 1-ի 11-րդ զոհն էր»:









































