Հայազգի 20-ամյա երիտասարդ Սերգեյ Նիգոյանի և մյուսների սպանությունը հիմք չէ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի համար վերանվանել Վիկտոր Յանուկովիչի անվան Սպիտակի հրապարակը:
«Հայի զոհվելու համար շատ եմ ցավում, բայց նաև մտածում եմ, որ հայերս չէ, որ պետք է միջամտենք Ուկրաինայի ներքին քաղաքական խնդիրներին: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի փոխել հրապարակի անունը, որովհետև այդ հրապարակը կոչվել է Ուկրաինայի գործող նախագահի անվամբ իր կատարած բարի ու լավ աշխատանքների համար: Իսկ թե նրան ինչ պիտակներ են կպցնում՝ դա դեռ պետք է ապացուցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:
Սահակյանը չի կարծում, որ սպանությունների հետևում կանգնած են ուկրաինական իշխանությունները՝ ի դեմս Յանուկովիչի:
«Քննություն կգնա, համապատասխան մարմիններ կան, իրենք կորոշեն՝ ով է մեղավոր: Ամեն դեպքում մենք հրապարակի անունը փոխելու խնդիր չունենք, որովհետև էդ մարդը և իր ղեկավարած կազմակերպությունը մեր քաղաքի համար շատ բան են արել: Ինչ էլ լինի՝ հրապարակի անունը չի փոխվի, որովհետև մենք շնորհակալ ենք մարդու արածի համար, և դա մենք երբեք չենք մոռանա՝ ինչ էլ որ լինի»:
Հիշեցնենք, որ Սպիտակի հրապարակը Յանուկովիչի անվամբ կոչվեց 2008 թվականին Հայաստան կատարած նրա այցելության ժամանակ՝ 1988 թվականի երկրաշարժից հետո իր ղեկավարած միավորումով փրկարարական և վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունենալու համար:










































