Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ:
Ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը։ Տուժածները Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանն ու 26-ամյա Գոռ Կիրակոսյանն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ պարզել են, որ նրանց դանակահարել է Քանաքեո 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, ով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ կասկածյալը դանակահարվածների փեսան է, որը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի ծննդյան 50-ամյակին և վիճաբանությունը տեղի է ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ էլ Սահակը իր մոտ եղած փայտով հարվածել է փեսայի գլխին, վերջինս էլ գործի է դրել դանակը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:










































