Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն՝ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակին:
Հայաստանում այս թեման ունենում է իսկապես ուշագրավ տրանսֆորմացիաներ կամ թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ նենգափոխումներ: Այդ հարցում իհարկե առանձնակի և բավական նկատելի ակտիվ է նախկին իշխող ուժը՝ ներկայումս նոր խորհրդարան անցնել ցանկացող ՀՀԿ-ն, որը իրեն փորձում է դիրքավորել իբրև միակ իրական ընդդիմություն: Ընդ որում, այդ հարցում փորձ է արվում շեշտադրել պետականամետությունը, երբ հայտարարում են, թե իրենց ընդդիմություն լինելը աջակցություն է Նիկոլ Փաշինյանին արտաքին մարտահրավերներին հակազդելու հարցում:
Իրականում Հանրապետական կուսակցությունը, համենայնդեպս՝ առայժմ, մի «ընդդիմություն» է, որը աջակցում է Լուկաշենկոյին, Նազարբաևին և Ալիևին, ոչ թե Հայաստանին և Նիկոլ Փաշինյանին: Համենայնդեպս, ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջատարները՝ սկսած Վիգեն Սարգսյանից և, այսպես ասած, տասնյակում գտնվող մի շարք այլ կուսակցական ու անկուսակցական գործիչներ ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակի և սխալ քայլերի համար բաց տեքստով մեղադրում են Նիկոլ Փաշինյանին: Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ նրանք արդարացնում են Լուկաշենկոյին, Նազարբաևին, Ալիևին: Մինչդեռ ակնհայտորեն պարզ է, որ խնդիրը ՀԱՊԿ-ում հակահայկական և ադրբեջանամետ քայլերի իմաստով առաջացել է ամենևին ոչ Հայաստանի նոր իշխանության ժամանակաշրջանից: Այդ խնդիրը եղել է նախկինում էլ, ունեցել բազմաթիվ ամոթալի դրսևորումներ, և եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն լռել են, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը չի եղել:
Եվ ուրեմն, ներկայումս խոսել բաց տեքստով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կրքեր է բորբոքել ՀԱՊԿ-ում և մարտահրավերներ, վտանգներ հարուցել Հայաստանի համար, այլ բան չի նշանակում, քան ուղղակիորեն արդարացնել Հայաստանի դեմ գործող Լուկաշենկոյին, Նազարբաևին, արդարացնել Ալիևի հետ նրանց սիրախաղերը, Ալիևի լոբբինգով ՀԱՊԿ-ում հակահայկական դիրքորոշումներ ունենալը և այլն:
Ըստ այդմ՝ պարզորոշ հարց է ծագում՝ ո՞րն է Հայաստանի պետական շահը այստեղ ՀՀԿ ընդդիմություն լինելուց: Թե որն է Բելառուսի շահը, որն է Ադրբեջանի կամ Ղազախստանի շահը՝ հստակ է: Դա նաև Ալիևն էր հայտարարել՝ ասելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն է խնդիրներ ստեղծում:
Այսինքն՝ Ալիևն ասել էր այն, ինչ ասում են փաստորեն ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում տեղ գտած գործիչները: Այդ իմաստով ընդհանրապես հետաքրքիր է, որ վերջին ամիսներին բավականին հաճախ են համընկնում Ալիևի և նրանց դիրքորոշումները:
Այդպիսով, ՀՀԿ-ն այն ընդդիմությունն է, որը ՀԱՊԿ-ում ամրացնում է հակահայկական դիրքորոշումները, հիմնավորում դրանք, փաստարկներ տալիս Ադրբեջանի և նրա ՀԱՊԿ գործընկերների ու դաշնակիցների ձեռքին:
Քաղաքագիտության, համաշխարհային պատմության մեջ այդպիսի սուբյեկտները ընդդիմություն չէ, որ կոչվում են, այլ հինգերորդ շարասյուն: Իսկ Հայաստանի պետական քաղաքականությունը ներկայումս ոչ թե կրքեր բորբոքելու, այլ հենց Հայաստանի դեմ գործող դաշնակցային կրքերը սառեցնելու միտված քաղաքականություն է, ինչը որևէ կապ չունի Բելառուսի հետ հարաբերության հետ, որովհետև այդպիսի հարաբերություն ըստ էության գոյություն չունի, դա ընդամենը եղել է տարիներ շարունակ Լուկաշենկոյի ծածկոցը Ադրբեջանի հետ հակահայ սիրախաղով Ռուսաստանից ինչ-որ բաներ կորզելու համար: Հայաստանը պարզապես այլևս չի ցանկանում լինել այդ կոմբինացիայի խամաճիկը:









































