ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է, որ ներգաղթի խնդիրը չկարգավորելու դեպքում Եվրոպան կունենա «սեփական» Դոնալդ Թրամփը:
«Միգրացիոն ճգնաժամը մարդկանց ստիպում է ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին», The Guardian պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչը:
«Ես հիանում եմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներգաղթյալների նկատմամբ սրտաբաց ու սրտացավ մոտեցմամբ, որի համար այդքան քննադատվում է: Եվրոպան արել է հնարավոր ամեն բան և այժմ պետք է շատ հստակ ազդակ հղի առ այն, որ այլևս ի վիճակի չէ ներգաղթյալներ ընդունել և նրանց ապաստան տրամադրել»,- ասել է Քլինթոնը:
Նա ընդգծել է, որ Թրամփը կարողացավ հաղթել նախագահական ընտրություններում՝ շահարկելով և ռասայական նրբերանգներ հաղորդելով ներգաղթի հետ կապված խնդիրներին ու մինչ օրս շարունակում է այդ քաղաքական գիծը:
Նախկին պետքարտուղարի կարծիքով հենց միգրացիոն ճգնաժամն է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի պատճառ հանդիսացել:









































