«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն`2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում առավել մեծ թվով քվեներ էր ստացել «Ծառուկյան» դաշինքը: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Հարցումը փորձարարական էր: Հարցվածների 20.3%-ը նշել է, որ 2017թ.-ի ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքին է քվեարկել, 14.6%-ն ասել է, որ «Ելք» դաշինքին է քվեարկել. հիշում ենք, որ իրենք 7% էին ստացել: Իսկ ՀՀԿ-ն ստացել է 13.7% ձայն, մնացած ուժերը՝ 3%-ից պակաս»,- նշեց Նավասարդյանը:
Նրա խոսքով` կա նաև շատ բարձր ցուցանիշ այն մարդկանց, ովքեր նշել են, որ ընտրություններին չեն մասնակցել:
«26.6%-ը նշել է, որ ընտրություններին չի մասնակցել, իսկ 19.8%-ը չի ցանկացել կամ դժվարացել է պատասխանել հարցին»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:








































