Իրավապաշտպան կազմակերպությունների ճնշմամբ՝ Մարոկկոյի խորհրդարանը նոր միջոցառումներ է ձեռնարկել անչափահաս աղջիկներին բռնաբարող անձանց նկատմամբ: Եթե նախկինում հանցագործը կարող էր խուսափել պատժից՝ ամուսնանալով զոհի հետ, այժմ նա ստիպված կլինի պատասխան տալ օրենքի ողջ խստությամբ: Այս մասին գրում է BBC-ն:
16-ամյա Ամինա Ֆիլալին իր նկատմամբ բռնություն գործադրողի հետ ամուսնությունից մի քանի ամիս անց ինքնասպանություն է գործել: Նրա ընտանիքը աղջկան ստիպել էր ամուսնանալ՝ իր հեղինակությունը չվարկաբեկելու համար: Աղջիկը բողոքել է, որ 23-ամյա ամուսինը մշտապես ծեծում և բռնության է ենթարկում իրեն, սակայն ոչ իշխանությունները, ոչ նրա ծնողներն իրենց իրավունք չեն վերապահել խառնվել նրանց ընտանեկան գործերին: Վերջիվերջո, Ամինան ինքնասպանություն է գործել՝ թույն խմելով:
Այս դեպքը դարձավ զանգվածային հանրահավաքների առիթ՝ հօգուտ խիստ օրենքը չեղյալ հայտարարելու: Այս պատճառով սկսվեցին նաև ոչ կառավարական կազմակերպությունների լոբբիստական արշավները, ովքեր զբաղվում են բռնության անչափահաս զոհերի իրավունքների պաշտպանությամբ:







































