Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ դեկտեմբերի 9-ին ընտրությունների անցկացումը որևէ հարց չի լուծում: «Խնդիրը Սահմանադրությունն է։ Նայեք վերջին դեպքերը՝ կրկեսի վերածվող խորհրդարանը։ Մի քանի անգամ վարչապետը թեկնածություն է առաջադրում ու խնդրում իրեն դեմ քվեարկել, հետո շարունակում պաշտոնավարել։ Սա ցույց է տալիս, թե ինչ զավեշտալի իրավիճակներ է ստեղծում Սահմանադրությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Զոլյանն ընդգծեց. «Պետք է հայտարարվի, որ այս ընտրությունները մեկ առաքելություն ունեն՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունել, հրաժարվել ռեյտինգային համակարգից, բայց և ընտրությունների չգնալ փակ ցուցակներով։ Տեսեք, թե ինչքան ներուժ է մնում Սփյուռքում. այդ հարցը պետք է լուծվի»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս խորհրդարանի գործունեությունը չի կարող համարվել լեգիտիմ. «Ոչ թե օրենքի տառի հետ կապված, այլ ժողովրդի վստահության։ Ընտրություններին մասնակցում են շատ նեղ շրջանակներ, և որոշողն իրենք են լինում»։
Ըստ Սուրեն Զոլյանի՝ խորհրդարանը պետք է լինի անցումային և ունենա մեկ առաքելություն՝ հանրաքվեի նախապատրաստում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:












































