Իրանի նախագահ Հասան Ռուհանին տեսնում է ներուժ, որ երկիրը 30 տարվա ընթացքում կարող է ներառվել աշխարհում խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակում: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում՝ ելույթ ունենալով «Իրանն աշխարհում» թեմատիկ նիստին:
Նա նշել է, որ Իրանը կվերականգնի առևտրային կապերը իր բոլոր հարևանների հետ, և հույս ունի բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ: Անդրադառնալով միջուկային ծրագրին՝ Ռուհանին ընդգծել է, որ միջուկային զենքը տեղ չունի Իրանի անվտանգության ռազմավարությունում:
Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ իրանցի ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ատոմային տեխնոլոգիաներն օգտագործելու իր իրավունքից:









































