Հեղափոխությունից նույնիսկ յոթ ամիս անց մեր հասարակության մի ստվար զանգված, ըստ էության, չի պատկերացնում տեղի ունեցածի քաղաքական խորքային հետևանքը։ Իհարկե, սրանում դժվար է մեղադրել հասարակությանը, մանավանդ՝ վարքագծային համարժեքությամբ չեն փայլում քաղաքական դերակատարները։ Թավշյա հեղափոխությունը ենթադրում էր քրեօլիգարխիկ ամբողջ համակարգի ապամոնտաժում՝ իր բոլոր դրսևորումներով, թևերով հանդերձ։ Խոսքը՝ հատակապես այն կուսակցությունների մասին է, ովքեր երկու տասնամյակ ուրույն դերակատարություն են ունեցել քրեաօլիգարխիայի համար՝ հանդիսանալով դրա քաղաքական ցուցանակները։ Եվ հիմա, արտահերթ ընտրությունը, ուզենք, թե չուզենք, փաստացի գծելու է քաղաքական պատասխանատվության հենց այդ սահմանը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մենք» դաշինքի անդամ Թեհմինե Վարդանյանը, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվելով ստեղծել են «Մենք» դաշինքը. «Հիմնական շեշտը դնում ենք արտաքին քաղաքականության վրա, արևմտամետ արժեքներ ենք դավանում»,- նշեց Թ. Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Մենք» դաշինքն ինչ մարտավարություն է որդեգրել:
Գ. Սաֆարյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը կլինի գաղափարական. «Քաղաքական ուժը հանրությանը պետք է ներկայացնեն և՛ իր ծրագրերը, և՛ գաղափարները, և հնարությունն ինքը պետք է որոշի, թե որ կուսակցությանը քանի ձայն տա ԱԺ-ում»:
Ա. Սաքունցն ընդգծեց, որ թավշյա հեղափոխության բուն պատճառը ավտորիտար համակարգն էր, համակարգային այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ չէին լուծվում, որոնցից է կոռուպցիան: «Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը նախկին ավտորիտար իշխանության գործիքներն էին և պետք է փոխվեն. անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և համակարգային լուրջ փոփոխություններ: Մենք ունենք նաև տնտեսական ազատությունների խնդիր, անվտանգության և արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ: Քաղաքական ուժերը, եթե այս խնդիրների լուծման վերաբերյալ իրենց տեսակետները չներկայացնեն, ապա թեև այս ընտրությունները տարբեր կլինեն նախորդներց, բայց չենք ունենա քաղաքական ընտրություն»,- նշեց իրավապաշտպանը:
Գ. Սաֆարյանի դիտարկմամբ՝ պետության համար ռազմավարկան նշանակություն ունեցող բոլոր հարցերի շուրջ քաղաքական ուժերը պետք է ունենան հստակ դիրքորոշում: Թ. Վարդանյանի խոսքով՝ ներկա իշխանությունները վարում են նախկինների վարած գիծը`ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցների անդամակցության մասով:
«Մեր պաշտպանական համակարգը կախված է Ռուսաստանից. դա անթույլատրելի է: Մենք գաղութացված իրավիճակում ենք: Մեր ինքնիշխանությունը կարևոր է, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է խզել»,- ընդգծեց Գ. Սաֆարյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռերն» ունի հայամետ դիրքրոշում. մերժում է տիրոջ և ծառայի հարաբերությունը և բոլոր արտաքին խաղացողների հետ պատկերացնում համաչափ, համահավասար հարաբերություններ»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































