Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, ամփոփելով 2013 թվականը, ասաց, որ վթարի հետևանքով զոհվածների թիվը նվազել է: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցյալ տարի գրանցվել է 2824 պատահար, որի հետևանքով 316 քաղաքացի զոհվել է, 3994-ը ստացել է մարմնական վնասվածք: Ընդհանուր վթարայնությունը անցյալ տարվա 12.5 տոկոսից նվազել է 8 տոկոս:
Նորիկ Սարգսյանն ասաց, որ վթարների 8-9 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու, մնացածները՝ ղեկին քնած մնալու, երթևեկության կանոնները չպահպանելու հետևանքով: Հիմնականում գրանցվել է բախում տեսակի պատահար:
Բանախոսն ասաց նաև, որ այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվելու երեխաների հետ տարվող աշխատանքին, քանի որ շատ են մինչև տասնվեց տարեկան երեխաների մասնակցությամբ գրանցված պատահարները: Անցյալ տարի գրանցվել է այդպիսի 303 ճանապարհային պատահար, որի հեևանքով զոհվել է 20 և վիրավորվել 345 երեխա:
Նշենք նաև, որ ամենաշատ վթարները գրանցվել են Տավուշի մարզում, որտեղ պատահարների թիվը աճել է 30-ով, 7-ով աճել է զոհերի, 51-ով` վիրավորների թիվը:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա այստեղ զոհերի թվի նվազում կա` շնորհիվ արագաչափերի և տեսախցիկների:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































