Եվրոպացի գիտնականները ջրային գոլորշու հետքեր են նկատել Ցերերա գաճաճ մոլորակի շուրջ: Նման բացահայտում է արվել Herschel աստղադիտակի օգնությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Խոսքն Արեգակնային համակարգի այդ մասում նման հետքերի հայտնաբերման առաջին դեպքի մասին է՝ հայտնել են Եվրոպական տիեզերական գործակալությունում: Ինչպես հաղորդվում է, դա ապացուցում է, որ Ցերերան ունի սառցե մակերևույթ և մթնոլորտ:
Գիտնականները պարզել են գաճաճ մոլորակի մակերևույթի երկու կետերը, որտեղից կանոնավոր կերպով տեղի են ունենում ջրի մասնիկների արտանետումներ: Ըստ գնահատականների՝ գոլորշու արտանետումների ծավալը կազմում է վայրկյանում մոտ 6 կգ:
Հետազոտողները կարծում են, որ, ըստ ամենայնի, այդ հատվածներում արևի լույսը կլանվում է առավել ակտիվ, ինչը հանգեցնում է սառույցի արագ հալոցքի և մակերևույթից գոլորշու հզոր արտանետման:









































