Սիրիայի կառավարությունը համաձայն է հաստատել մասնակի զինադադար՝ Հալեպի շրջանին հումանիտար օգնություն մատակարարելու համար, սակայն սպասում է, որ սիրիական ընդդիմությունը ևս հաստատի համանման գործողություններ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ չորեքշաբթի «Ժնև-2» համաժողովին ելույթի ժամանակ:
«Այո, իրականում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի կողմից նման առաջարկ արվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ Մոսկվայում նրա հետ հանդիպման ժամանակ:
Լավրովն այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով խոստացել է պայմանավորվել ընդդիմության հետ: Երբ որոշ ժամանակ անց Լավրովը հետաքրքրվել է՝ ինչպես է ընթանում գործընթացը, Քերին ասել է, որ Վաշինգտոնը դեռևս սպասում է ընդդիմության հաստատմանը: Այնպես որ՝ սպասում ենք և մենք»,- ասել է Ջաֆարին:
Հիշեցնենք, որ Մուալեմը և Լավրովը հանդիպել են հունվարի 17-ին:











































