«Ժնև-2» համաժողովի առաջին օրվա արդյունքներով անցկացված մամլո ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել հայտարարություններով: Նա կոչ է արել դադարեցնել արտերկրից զենքի մատակարարումները Սիրիա:
«Մենք այստեղ՝ Մոնտրյոյում, արել ենք միայն առաջին փոքր քայլը: Իսկական բարդ աշխատանքը կսկսվի ուրբաթ: Մեր առջև երկար ճանապարհ է, սակայն մենք պետք է անցնենք այն»,- ասել է Պան Գի Մունը:
«Դեռևս ուշ չէ՝ վերջ տալու այդ սոսկալի հակամարտությունն ու Սիրիայի համար գտնելու խաղաղ ժողովրդավարական ապագա»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ այդ համաժողովի հիմնական մարտահրավերը ժնևյան կոմյունիկեի իրականացումն է՝ անցումային կառավարության ստեղծման մասին: «Բոլորը քաջ գիտակցում են, որ դա (կոմյունիկեի կատարումը) բանակցությունների հիմքն է»: «Պայքարն ահաբեկչության դեմ շատ կարևոր է, սակայն ավելի կարևոր է, որ խաղաղություն ու կայունություն լինի»,- ասել է Պան Գի Մունը:
«Ես սիրիական կառավարությանը կոչ եմ անում ազատել բանտարկյալներին: Դա կօգնի ընդդիմության հետ բանակցություններում վստահության մթնոլորտ ստեղծել»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:









































