Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը պետք է դիտել իբրև ընդհանուր՝ մեծ պայքարի մի մաս: Հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանը հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հակառակ սրան՝ դրվագված պայքարը դատապարտված է անհաջողության:
«Մենք, որպես հանրությանը քիչ թե շատ հայտնի մարդիկ, մեր մասնակցությունը ցուցաբերել ենք: Մարդիկ արդեն սկսել են շատ չխորանալ օրենքների մեջ, ասում են՝ լավ, դե, մեր մասին են մտածում, իսկ երբ սկսում են խորանալ, հարց է առաջանում՝ ինչու: Եվ սա պատճառ է դառնում, որ ավելի ուսումնասիրեն: Ամենավիրավորականն այն է, որ պայքարին չեն միանում, մինչև գրպանին չեն խփում: Մենք մի քիչ օգնել ենք փորձում, որ մարդիկ խորապես հասկանան՝ ինչ է կատարվում: Պայքարում ենք, չենք վախենում, ուրեմն՝ դուք ևս միացեք»,- ասաց նա:
Լ.Բադալյանը նշեց, որ պայքարի կուսակցականացումը չի ընդունում, վերջին հանրահավաքին էլ հեռացել է այն պահից, երբ սկսել են քաղաքական կարգախոսներ հնչել: Եվ բոլոր հանրահավաքներից է հեռանում այդ պահերին, անգամ եթե իրեն դրանից հետո մեղադրում են: Նա, սակայն, նշում է, որ ցանկացած հանրահավաք կուսակցականացվում է, անգամ պայքարող երիտասարդության մեջ կան լիդերի կարգավիճակ կամ խարիզմա ունեցողներ, որ ինչ-որ բանի են գնում:
Հաղորդավարուհու համոզմամբ՝ քաղաքականացված պայքարը տապալվելու է: Ինքը՝ հաղորդավարուհին, կուսակցական չէ, սակայն պայքարում է իր իրավունքների համար: «Ես աշխատում եմ կոնկրետ հեռուստաընկերությունում («Կենտրոն» ՀԸ), ու ինչքան էլ ինձ պատռեմ, գոռամ՝ ես կուսակցական չեմ, միևնույն է, հասարակությունը չի հավատում, բայց ես չեմ էլ փորձում հավատացնել: Կուսակցությունը, հա, գաղափար է, պայքար, բայց այսօր տեսնում ես՝ ի վերջո, ամենքին իրենց շահն է հետաքրքրում, իշխանության գալը: Այդ պատճառով՝ որ պահին քաղաքականացում եմ տեսնում, հեռանում եմ:
Հաճախ մեզ օգտագործում են: Որևէ քաղաքական ուժ միանում է, սկսում է իր անունը բարձրացնել, ստացվում է՝ դու իր կողմից ես պայքարում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ պայքարի դուրս եկողները բոլորը կոնկրետ ոչ թե այս հարցին են դեմ, այլ պարզապես բոլորի համբերության բաժակը լցվել է: Շատ առիթներ կան, որոնց համար պայքարել արժե, սա ուղղակի դարձավ վերջին կաթիլը, սրանով մարդիկ իրենք բողոքի ձայնն են ուզում բարձրացնել:
Լ.Բադալյանը նշեց, որ ներկայումս կենսաթոշակի չափերը խիստ նվազ են, փոքր գումարներ, իսկ ո՞վ պիտի մտածեր նրանց մասին: «Դո՛ւք, հարգելի կառավարության ներկայացուցիչներ, 14 000 դրամով քանի՞ օր, քանի՞ վայրկյան կապրեք: Իմ բարեկեցության մասի՞ն եք մտածում: Ես ուզում եմ իմ տատիկ-պապիկների մասին մտածել, դուք ուզում եք ապահովել իմ բարեկեցիկ ծերությո՞ւնը: Գուցե ես չե՞մ ծերանում:
Իհարկե, փաստ է, որ թեկուզ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, այսօրվա կառավարությունը իներտ է նրա խոսքին: Դու ուզում ես մեջտեղից պատռվի, կրակ դարձի, եթե ինքը որոշել է մի օրենք ընդունել, ընդունելու է, եթե անգամ պայքարեք, ցույցեր անեք, ինքը ներսում նույն պահին կարող է ընդունել այս օրենքը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը պայքարում է, քանի որ թույլ չի տալիս՝ իրեն ստրկացնեն: Իսկ հասարակությունն այնքան է համակերպվում ցանկացած փոփոխության, որ իրենք հիմարի վիճակում են հայտնվում:
Լ.Բադալյանը նշեց, որ իրենք ուղղակի իրենց խղճի համար են պայքարում, սակայն իրենց պետք է միանա նաև մտավորականությունը, այն հատվածը, ովքեր զվարճացնում են մարդկանց, նաև քաղաքացիները. բոլորը պետք է ոտքի կանգնեն, և եթե ինչ-որ բան չկարողացան փոխել, պետք է փոխել կառավարությանը:








































