Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Մինսկի խումբը պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կողմերին, սակայն կարգավորման հարցում առաջընթացը կախված է կողմերի կամքից:
Այս հայտարարությունը զարմանալիորեն զուգադիպել է հայ-ադրբեջանական շփման գծի ղարաբաղյան մի քանի հատվածներում ադրբեջանական դիվերսիոն գրոհի հետ, որը հայկական զինված ուժերին հաջողվել է կանխել 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի կյանքի գնով:
Դիվերսիայից մի քանի ժամ հետո Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանելով ղարաբաղյան կարգավորման հարցին` հայտարարել է նոր առաջարկներ ներկայացնելու պատրաստակամության մասին: Երեկ հայտնի է դարձել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում հունվարի 24-ին:
Իրադարձությունների զարգացման այս հաջորդականությունն իսկապես ուշագրավ է, եթե նկատի ունենանք նաև, որ ադրբեջանական դիվերսիան, ըստ էության, դատապարտել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմը՝ համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառման, ընդ որում` ավանդական ընդհանրացված գրառման միջոցով: Մոսկվայում նոր առաջարկների մասին հայտարարություն արած Սերգեյ Լավրովը դիվերսիոն գործողության դատապարտման մասին կարծես թե ոչինչ չի ասել, այդ միջադեպին անդրադարձ չի եղել: Միջադեպն, իհարկե, երևի թե շատ մանր բան է ՌԴ արտգործնախարարի ասուլիսում շոշափվելու համար, թեկուզ և այդ միջադեպի արդյունքում ընդհատվել է երիտասարդ հայ զինվորի կյանքը:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում աշխարհի ուժեղները շատ ավելի մեծ հարցեր են քննարկում, որպեսզի կանգ առնեն և ուշադրության արժանացնեն մի հայ զինվորի կյանքը: Հայ զինվորների կյանքերը ընդհանրապես, դաժան ավանդույթով կարծեք թե պարբերաբար հայտնվում են ղարաբաղյան կարգավորման զոհասեղանին, երբ կարգավորման այս կամ այն հանգրվանից, այս կամ այն հաջող կամ անհաջող հանդիպումից առաջ կամ հետո դրվում են զոհասեղանին:
Ադրբեջանական դիվերսիաները դարձել են կարգավորման գործընթացի վերջին տարիների անշեղ ուղեկիցը: Ինչ նոր առաջարկներ են մտածել Մինսկի խմբում, և ով է դրանց կոնկրետ հեղինակը, հազիվ թե երբևէ պարզ դառնա, բայց այդ նոր առաջարկները արդեն իսկ զուգորդվել են հայ զինվորի արյան հետ, այսինքն` դրանք արդեն իսկ անուղղակիորեն, սակայն շատ թանկ են նստած Հայաստանի և Ղարաբաղի վրա:








































