«Թալիբան» շարժման գրոհայինները առավոտյան առևանգել են «Հալո» ոչ կառավարական կազմակերպության մոտ 50 աշխատակցի: Կազմակերպությունն աֆղանական հյուսիսարևմտյան Հերատ գավառում զբաղվում է ականազերծման աշխատանքներով: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, 10 թալիբ երկու ջիփով մոտեցել են Պաշտուն-Զարգուն շրջանում տեղակայված կազմակերպության շտաբին, զենքի կիրառման սպանալիքով ստիպել կազմակերպության աֆղան աշխատակիցներին նստել իրենց ավտոմեքենան, որից հետո նրանց տարել են անհայտ ուղղությամբ:
Հերատի անվտանգության ուժերն անցել են առևանգված սակրավորների որոնման մասշտաբային գործողության:








































