Իտալիայում մաֆիոզ խմբավորումների միջև հարաբերությունների պարզման զոհ է դարձել 3 տարեկան մի տղա: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Երեխայի դին հայտնվել է երկու մեծահասակների մարմինների հետ Կալաբրիայի Կասսանո-ալլո-Յոնիոյի քաղաքում: Նրանցից մեկը տղայի պապն է՝ 52-ամյա Սալվատորե Յանիչելին, իսկ մյուսը՝ նրա 27-ամյա ընկերուհին՝ Մարոկկոյից:
Քննության վարկածով՝ նրանց երեքին սպանել են, որից հետո մարմիններն այրել ավտոմեքենայի մեջ: Մեծահասակներից մեկի դին գտնվել է բեռնախցիկում:
Յանիչելին տնային կալանքի մեջ էր, քանի որ իրավապահ մարմինները նրան մեղադրում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ: Բացի այդ, նրան 2012-ին կասկածել են առևանգման և սեռական բռնության մեջ:
Սպանված տղան ապրել է պապի հետ, քանի որ մայրը՝ Յանիչելիի դուստրը, իտալական բանտում պատիժ է կրում թմրանյութերի մաքսանենգության համար: Տղայի հայրը բանտարկված է նույն մեղադրանքով:
Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա տարածաշրջանը հանդիսանում է «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման պատվար: Համարվում է, որ այդ կազմակերպությունը վերահսկում է Լատինական Ամերիկայից Եվրոպա ստացվող կոկաինի մեծ մասը:









































