«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է։
![]()
–Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։ Կա՞ն արդյոք տարբերություններ այս և վերջին շրջանի նախորդ հայտարարությունների միջև։
-Եթե վերջին շրջանի նախորդ բոլոր այցերից հետո տարածված հայտարարություններում կոչ էր արվում մեղմել լարվածությունը, ապա այս հայտարարության մեջ առաջին անգամ համանախագահները արձանագրեցին լարվածության էական թուլացման մասին, որի արդյունքը Դուշանբեի պայմանավորվածություններն են։ Հայտարարության մեջ նաև նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարները պատրաստակամություն են արտահայտել հանդիպել ևս մեկ անգամ այս տարվա վերջին։
Կարծում եմ՝ կարևոր է, որ համանախագահների հայտարարությունը եկավ հաստատելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ սահմանային լարվածությունը աննախադեպ անկում է ապրել։ Ընդգծենք նաև, որ Դուշանբեի խոսակցության և պայմանավորվածությունների նախաձեռնողը եղել է Փաշինյանը։ Ուստի նախաձեռնողականությունը այս գործընթացում կարող է դրական արդյունքներ գրանցել, այս պահին առնվազն սահմանային լարվածության թուլացման առումով։
–Իսկ ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքում լարվածության թուլացմանը։
-Ըստ էության, Ադրբեջանի պաշտոնական մամուլը, որը մշտապես պատերազմական քարոզչություն է իրականացնում, փորձում է չանդրադառնալ լարվածության թուլացման մասին հայտարարություններին, ինչպես օրինակ՝ անարձագանք մնաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարությունը։ Սակայն, ուշագրավ է, որ վերջին օրերին «արշավ» է սկսվել արտգործ նախարար Էլմար Մամեդյարովի դեմ։ Մասնավորապես, ընդդիմադիր Meydan.tv կայքը մի տեսանյութ էր տարածել, որտեղ Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների մակարդակով հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ժամանակ Մամեդյարովը ադրբեջաներեն իր ելույթի ընթացքում բազմաթիվ լեզվական սխալներ է թույլ տալիս՝ աղավաղելով խոսքը։ Այնուհետև ակտիվ քննարկումներ սկսվեցին սոցցանցերում, որ արտաքին գերատեսչության ղեկավարը երբեք էլ լեզվին լավ չի տիրապետել և շատ դեպքերում գերադասել է խոսել ռուսերեն ու ոչ ադրբեջաներեն։ Ադրբեջանցի դիվանագետներից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել էր, որ մայրենի լեզվով նման ելույթը խայտառակություն է, և եթե ինքը լիներ Մամեդյարովի փոխարեն, հրաժարական կտար։ Օգտատերերից ոմանք էլ զավեշտալի գրառումների շարք են սկսել, թե օրինակ՝ ինչպես կհնչեր այս կամ այն արտահայտությունը «մամեդյարովյան ադրբեջաներենով»։ ԱԳՆ ղեկավարի այս ելույթին հակադրվում է նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 1-ին ստորագրած հրամանը «ադրբեջաներեն լեզվի անաղարտության պահպանման մասին»։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք աղմուկ հանած այս տեսանյութը ինչ հետևանքներ կունենա Մամեդյարովի համար, սակայն ակնհայտ է, որ հասարակական մակարդակով դա անվստահություն և դժգոհություն է սերմանում նրա հանդեպ։
–Պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Ո՞րն է, ըստ Ձեզ, Բաքվի այդ առաջարկի բուն նպատակը։
-Ուշագրավ է, որ այդ առաջարկը հաջորդեց նոյեմբերի 1-ին ԱԺ-ում Փաշինյանի և Շիրակ Թորոսյանի հարց ու պատասխանին, որի ընթացքում անդրադարձ արվեց հայ-թուրքական սահմանախախտ երիտասարդին ետ վերադարձնելու փաստին։ Ի պատասխան Թորոսյանի՝ «բարեկամական ժեստ լինելու» ձևակերպմանը՝ վարչապետի պաշտոնակատարը համարեց դա «տրամաբանական, սովորական մարդկային քայլ, որը հատուկ է մեր ժողովրդի էությանը․․․»։
Կարծում եմ՝ Բաքուն ցանկանում է այդ հայտարարության և Հայաստանի նախաձեռնողականության ֆոնին արցախյան կողմում գտնվող երեք դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերի։ Հիշեցնենք, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի հանրապետության տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության մեջ։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Թալիշ գյուղի ուղղությամբ:
Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:









































