Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման հանդիսավոր արարողությանը:
Պատվիրակության անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի շրջանակում Երևանյան պատվիրակության անդամները ներկա են գտնվել նաև «Հրեղեն քանդակների» աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Ռիգա արենայում կազմակերպված «Ռիգան դարերի և մշակույթի խորքից» խորագիրը կրող համերգային ծրագրին։









































