Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման տապալումը լուրջ կորուստ է Նիկոլ Փաշինյանի կառավարության համար և դա, մասնավորապես, Դաշնակցություն կուսակցության դավաճանության հետևանքն էր։ Ու չնայած դրան՝ մենք չենք կորցրել ավելի որակյալ, բարելավված, ավելի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերի համար ստեղծված չեն մրցակցության հավասար պայմաններ։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը լավատես է այս առումով և կարծում է, որ նույնիսկ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվեն հին՝ վիճահարույց Ընտրական օրենսգրքով, միևնույն է, քաղաքական մշակույթի բարելավման և քաղաքական փոփոխությունների գործընթացը շարունակվելու է։ Ռիչարդ Կիրակոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրական մարտահրավերը ոչ թե առաջիկա ընտրություններն են, այլ ընտրությունների հաջորդ օրը, թե կկարողանա՞ արդյոք նոր կառավարությունը կառավարել երկիրը՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Իր խոսքերով՝ դա ավելի մեծ մարտահրավեր է, քան Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը։
– Պարոն Կիրակոսյան, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեությունը «թավշյա հեղափոխությունից» հետո հռչակված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ պայքար կոռուպցիայի դեմ, Մարտի 1-ի գործի հետաքննություն և բացահայտում, ազատ և արդար ընտրությունների կազմակերպում և այլն։
– Եթե նայենք նոր կառավարության մեկնարկային կետին՝ ապա կարելի է ասել, որ մեկնարկային կետը ոչ թե զրոյի մակարդակի վրա էր, այլ ավելի ցածր։ Այլ խոսքերով՝ Փաշինյանի կառավարության գործունեության առաջին իսկ օրվանից՝ սկսած 2018 թ․ մայիսից, արված յուրաքանչյուր քայլ ողջունելի փոփոխություն է եղել Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ թույլ են տրվել բազմաթիվ սխալներ՝ անփորձության, փորձի պակասի պատճառով։ Իմ համար ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե սխալներն են, այլ այն, թե որքանո՞վ են կառավարությունը և պաշտոնյաները դասեր քաղում այս սխալներից: Սա ավելի վճռական նշանակություն ունի։ Կարծում եմ՝ գործող կառավարության թուլության պատճառը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթ ունի, և լինի ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու, երկրում օրենքի իշխանություն հաստատելու, հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները, Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակումը, աղքատության կրճատման կամ այլ խնդիր, միևնույն է, տնտեսությունը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում և դառնում առաջնահերթություն։
Մենք պիտի հաղթահարենք քաղաքական փոփոխությունների անցումային այս շրջանը, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու նոր քաղաքական իրողություններն արտացոլող խորհրդարան։ Բայց պետք է արձանագրեմ մեկ տխուր փաստ, որ մենք առաջվա պես կենտրոնացած ենք ոչ թե քաղաքականությունների ու ծրագրերի, այլընտրանքային գաղափարների, այլ անձերի մրցակցության վրա։ Եվ իրական ընդդիմության բացակայությունը վատ է բոլորի համար։ Վատ է կառավարության համար, վատ է երկրի համար։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ հանրապետականների կուսակցական մենիշխանությունը մոտենում է իր ավարտին, և մենք անցում ենք կատարում մի նոր համակարգի, որտեղ կրկին գերիշխողը մեկ կուսակցություն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ Այս նոր համակարգում հաշվետվողականությունը և հակակոռուպցիոն գործունեությունը կարևոր են, և այս առումով առաջընթաց կա։ Մենք պետք է պահպանենք այս տեմպը, և իրական վտանգն ու սպառնալիքը ներկայիս կառավարությանը բխում է մեծ սպասելիքներից։ Պարտադիր չէ, որ սպառնալիքներն այս կառավարությանը բխեն քաղաքական ուժերից և հակառակորդներից։
– Նոր կառավարության հռչակած հիմնական առաջնահերթություններից մեկը ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու խնդիրն էր, բայց Փաշինյանի թիմը չկարողացավ խորհրդարանում անցկացնել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը։ Ձեր պատկերացմամբ՝ ինչպե՞ս կանցնեն Ազգային ժողովի ընտրությունները, այսպես կոչված՝ «ռեյտինգային համակարգը» ներառող հին Ընտրական օրենսգրքով։ Սա կարո՞ղ է բացասաբար ազդել ընտրությունների վրա կամ ռևանշի հնարավորություն տալ հանրապետականներին։
– Ոչ, չեմ կարծում։ Ես վստահ եմ, որ մենք չենք կորցրել ավելի որակյալ, ավելի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Սակայն մենք չենք տեսնում, որ կա դաշտ, որտեղ Ազգային ժողովի թեկնածուներն ու կուսակցությունները կարող են մրցակցել հավասար պայմաններում։ Այդուհանդերձ, նոր Ընտրական օրենսգրքի ընդունման տապալումը լուրջ կորուստ է Փաշինյանի կառավարության համար և, մասնավորապես, Դաշնակցության դավաճանության հետևանքը։ Դա նաև ցույց է տալիս, որ Հայաստանում ոչ բոլորն են այդքան բաց փոփոխությունների համար, և լուսանցք մղված ու հին մի շարք կուսակցություններ ներքին փոփոխությունների կարիք ունեն։ Բայց մենք պետք է որ տեսնենք ավելի ազատ և արդար ընտրություններ։ Ու նույնիսկ եթե ընտրություններն անցկացվեն հին Ընտրական օրենսգրքով, ես ամեն դեպքում կարծում եմ, որ քաղաքական մշակույթի բարելավման և քաղաքական փոփոխությունների գործընթացը կշարունակվի։ Բայց իրական մարտահրավերը ոչ թե առաջիկա ընտրություններն են, այլ ընտրությունների հաջորդ օրը, թե կկարողանա՞ արդյոք նոր կառավարությունը կառավարել երկիրը՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Եվ սա ավելի մեծ մարտահրավեր է, քան Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը կամ ազատ և արդար ընտրություններ անցկացնելը։
– Շատերը կարծում են, թե գլխավոր խնդիրն այն է, որ Փաշինյանի այսպիսի ժողովրդականության և գերիշխանության պայմաններում երկիրը կարող է չունենալ լուրջ ընդդիմություն։
– Ես համաձայն եմ։ Իրական ընդդիմության բացակայությունը խնդիր է երկրի և նույնիսկ կառավարության համար։ Այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը դեռևս չի ցուցադրել իր ցանկությունը, հնարավորությունն ու կարողությունը դառնալու իրական ընդդիմություն։ Նրանք դեռևս ներողություն չեն խնդրել իրենց գոռոզամտության և անցյալում կատարած սխալների համար և քայլեր չեն ձեռնարկել իրենց կուսակցությունը փոխակերպելու, հանրապետականներին ռեբրենդինգի ենթարկելու և ավելի երիտասարդ քաղաքական ուժի վերածելու ուղղությամբ։ Այլ խոսքերով՝ մեղավոր են նաև այլ կուսակցությունները, որոնք փորձում են դառնալ ընդդիմություն։ Նրանք պետք է փոխակերպվեն և հանդես գան որպես կառուցողական ընդդիմություն, ոչ թե ընդդիմադիրի կոչումը ժառանգեն լռելյայն ռեժիմով։ Սա տխուր մեղադրանք է քաղաքական դաշտին, ընդհանուր առմամբ։ Չկան իրական քաղաքական կուսակցություններ, քննարկումների և բանավեճերի մակարդակը շատ ցածր է, և շարքային հայաստանցին գաղափարների առումով ընտրության մեծ հնարավորություն չունի։ Կրկին պիտի արձանագրենք, որ, դժբախտաբար, մրցակցությունն ընթանում է ավելի շատ անձերի, քան թե քաղաքականությունների և ծրագրերի միջև։
– Բայց չե՞ք կարծում, որ ուզենք թե չուզենք, սա ինչ-որ առումով բնական պրոցես է։ Երկրում դեռ նոր է տապալվել ավտորիտար, կոռումպացված ռեժիմը, մարդկանց շրջանում դեռևս գերիշխում են ծայրահեղականացված տրամադրությունները։ Այս իրավիճակում ընտրությունը կատարվում է «հեղափոխության» և «հակահեղափոխության» միջև, և այլ ուժերը, որոնք կապ չունեն այս երկու ճամբարների հետ, դուրս են մնում մրցակցությունից։
– Ես համաձայն չեմ, որ սա պայքար է սպիտակի և սևի կամ «հեղափոխության» և «հակահեղափոխության» միջև։ Ընդդիմության, զսպումների և հակակշիռների մեխանիզմի բացակայությունը շատ ավելի կարևոր և ֆունդամենտալ խնդիր է։ Մենք պետք է ամրապնդենք անկախ դատական համակարգը, սահմանադրական դատարանի ինստիտուտը։ Ուշագրավն այն է, որ այս նոր համակարգում նախագահն է կառուցողական դեր խաղում և նպաստում է իշխանության ճյուղերի փոխզսպմանն ու հավասարակշռմանը։ Նախագահը քաղաքական հասունություն է դրսևորում։ Եվ ես կարծում եմ, որ նախարարների ներկայիս կաբինետը ժամանակավոր է և անցումային։ Դեկտեմբերից հետո մենք պիտի տեսնենք ավելի լուրջ հանձնառություն կառավարության կողմից, և դա ընտրություններից հետո հնարավորություն կտա կառուցել նոր, բայց ավելի ամուր փոխհամաձայնություն։









































