«Առաջին լրատվական»-ին հասանելի է դարձել մի լուսանկար, որում «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանը՝ Ցոլակի Արմենը, և նրա եղբայրը՝ Սաշա Աբգարյանը, արջ են սպանում՝ գորշ արջ: Թե որ ժամանակի լուսանկար է, կամ արդյոք այդ որսը բնության հատուկ պահպանվող տարածքո՞ւմ է կատարվել թե ոչ, հայտնի չէ, բայց փաստ է, որ նշված արարքը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների թվին է դասվում: ՀՀ Քր. օր.-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ապօրինի որսը, որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, ենթակա է քրեական պատասխանատվության:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամրագրված է՝ նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Իսկ արջը, մասնավորապես՝ գորշ արջը, ՀՀ կառավարության 29.01.10թ. թիվ 71-Ն որոշմամբ հաստատված՝ Կարմիր գրքում գրանցված օրգանիզմներից է:
Լուսանկարում՝ ձախից երկրորդը Ցոլակի Արմենն է, կողքինը՝ նրա եղբայր Սաշա Աբգարյանը, ում որդին՝ Նովոն, վերջերս սպանվել է Թեղուտի գյուղապետի որդիների հետ վիճաբանության հետևանքով:










































