Հարավաֆրիկյան Հանրապետության հանքափորների ու շինաշխատողների արհմիությունը հայտարարել է, որ հինգշաբթի՝ հունվարի 23-ին, գործադուլ կսկսի երեք խոշոր ընկերությունների պլատինի հանքերում, եթե նրանք չհամաձայնեն բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես սպասվում է, արտոնված գործադուլին կմասնակցեն Anglo American Platinum, Impala Platinum և Lonmin ընկերությունների կողմից շահագործվող հանքերի մոտ 100 հազար հանքափորներ:
Արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում՝ ներկայիս 500 դոլարից մինչև 1250 դոլար, և մերժում է 8 տոկոսով բարձրացնելու ընկերությունների առաջարկը:
ՀԱՀ-ի պլատինային արդյունաբերությունը դեռևս չի հաղթահարել 2012-ի գործադուլների վերջին ալիքի հետևանքները, երբ Lonmin ընկերության «Մարիկանա» հանքում ոստիկանությունը 34 գործադուլավոր աշխատողի կրակեց: Վերլուծաբանների գնահատականներով՝ ոլորտում գործադուլների նոր շարքը սպառնալիքի տակ կդնի պլատինի գլոբալ արտադրության 50 տոկոսը:
Արհմիության ղեկավար Ջոզեֆ Մատունժվան հայտարարել է, որ արհմիությունը նաև գործադուլներ է ծրագրում ոսկու և ածխի արդյունահանման ոլորտներում:










































