Ինչպես արդեն գիտեք, Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել Մարտի 1-ի գործով, որով հայտարարել է քննչական խմբի նախկին ղեկավար, Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ տեղեկության՝ Հարությունյանը միտումնավոր կեղծել է գործի ապացույցները, ՊՆ ստորաբաժանումների կրակած փամփուշտները փոխարինելով ոստիկանության զորքերի այլ տեղում Մարտի 1-ից հետո կրակած փամփուշտներով: Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Վահագն Հարությունյանին օգնած փորձագետը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Արդյո՞ք գործ ունենք մարտի մեկի գործով նոր շրջադարձի հետ․ թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, իրավաբան Արմեն Խաչատրյանը և իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը:
Վահանգն Հարությունյանն արդեն հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում և ի իր նկատմամբ հետախուզում հայտարարելն ապօրինություն է: Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ դա պաշտպանական ռեակցիա է: «Այսօր, երբ հայտարարվում են նրա հակաօրինական վարքագծին առնչվող փաստեր, փորձում է, ինչպես երկրորդ նախագահն է փորձում, երևալ որպես ոչինչ չարած և այդ գործի հետ առնչություն չունեցող անձ: Սակայն փաստերը այնքան ակնառու կլինեն, որ Վ. Հարությունյանը չի կարող դրա տակից դուրս գալ: Թերևս ուշացած, բայց եկել է նրա հատուցման ժամը. 2008-2010թթ –ին գործերը հիմնականում նրա ձեռքին են եղել՝ Աղվան Հովսեփյանի հովանու ներքո: Ես կարող եմ նշել բազմաթիվ հանգամանքներ, որոնց համար պետք է պատասխան տա Վ. Հարությունյանը: 2008-ից սկսած՝ մենք միշտ ասել ենք, որ առաջին հերթին Վ. Հարությունյանը պետք է հարցաքննվի և պատասխան տա, որովհետև միայն նա կարող է ասել՝ ինչ թուղթ է դրել ինչի փոխարեն և ինչ ունի պահած, ինչն է կեղծվել, ինչու է քննության մոտիվը փոխվել և այլն»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Խաչատրյանի խոսքով՝ միշտ ակնհայտ է եղել, որ քննչական խումբը երկու խնդիր է դրել՝ դատել անմեղ մարդկանց՝ շինծու մեղադրանքներով, և կոծկել Մարտի 1-ի գործը, չբացահայտել իրական մեղավորներին:
Ս. Քլոյանը նշեց, որ Վ. Հարությունյանը մի քանի անգամ իրեն հրավիրել է ՀՔԾ. «Շատ անհաջող մարդ էր, ատամները կրճտացնելով՝ ասում էր՝ Անդրանիկ Քոչարյանն ընկնի ձեռքս, կաշին քերելու եմ, շատ է բզբզում: Մի քանի անգամ դատարանում վիրավորել է մեզ՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներիս»:
Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Վ. Հարությունյանը շատ լավ է պատկերացնում իրեն ինչ է սպասվում, և չի վերադառնա Հայաստան՝ իրեն պաշտպանելու: «Նա ամբողջությամբ տապալել է մարտիմեկյան գործերը և մարդկանց ճակատագրեր է ավերել… Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը գնալով կմեծանա»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Խաչատրյանն ընդգծեց, որ եթե Մարտի 1-ը չբացահայտվի, ինչ իշխանություն էլ գա, դադարելու է լեգիտիմ լինելուց:
Մանրամասն՝ տեսանյութում:









































