Ամերիկացի ծովակալ Սեմյուել Լոքլիրը, որը ղեկավարում է Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների շտաբը, զրուցելով ԱՄՆ կոնգերսի ներկայացուցիչների պալատի ռազմական ուժերի հարցերով հանձնաժողովի անդամների հետ` ընդունել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է սպանել Մուամար Քադաֆիին` չնայած դրա վերաբերյալ հնչող հակառակ հայտարարությունների, ինչպես նաև այն, որ այդ գործողությունն իրականացնելու համար հնարավոր է` ՆԱՏՕ-ն սկսի ցամաքային գործողություններ Լիբիայում:
Ինչպես Foreign Policy ամսագրին ասել է կոնգրեսական Թերները, «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևն ունի երեք բաղադրիչ` շրջափակում, օդային տարածքի փակում և խաղաղ բնակչության պաշտպանություն: Եվ ծովակալ Լոքլիրը բացատրել է, որ խաղաղ բնակչության պաշտպանության օպերացիան ենթադրում է Քադաֆիին հավատարիմ զորքերի և հենց իր ոչնչացում»:
Կոնգրեսականը նաև ասել է, որ ծովակալի խոսքերով` Քադաֆիի գահընկեցությունից հետո անհրաժեշտ կլինի զորքեր մտցնել Լիբիա` հետքադաֆիական շրջանում կայունություն ապահովելու համար:








































