«Էկովախտա» բնապահպանական կազմակերպության, «Յաբլոկո» կուսակցության երիտադարական թևի և «Համերաշխություն» շարժման ակտիվիստները հասարակական զննում են իրականացրել Սև ծովի առափնյա այն շրջաններում, որոնք հայտնի են որպես «Պուտինի պալատ»: Այս տարածքի մասին նախկինում էլ է շատ գրվել, սակայն Պուտինի խոսնակը հերքել է ՌԴ վարչապետի որևէ կապն այս տարածքի հետ:
Այդուհանդերձ LiveJournal-ում գրանված Սուրեն Ղազարյան բլոգերը, որը նաև «Էկովախտայի» անդամ է, պնդում է, որ իրենց հաջողվել է ճեղքել այդ տարածքի պահակազորի շղթան և մտնել ծովափնյա այդ շրջան: «Մեզ հաջողվել է ոչ միայն վերցնել լողափը, այլև օգտվել այնտեղ լողանալու մեր իրավունքից»,- ասել է բլոգերը` հրապարակելով «ճեղքման» ռեպորտաժի նկարները:
Նախորդ օրը նման «ճեղքում» տեղի է ունեցել նաև Համայն ռուսիո պատրիարքի առանձնատան մոտ, ինչը պատրիարքությունը հերքում է: Այդուհանդերձ բնապահպանները կրկին հանդիպել են հակազդեցության, իսկ նրանցից մեկը ձերբակալվել է, որին կալանավորել են 5 օրով:








































