Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն համաձայնել է «Յուվենտուս»-ի առաջարկած պայամանգրի կետերին, սակայն թուրինցիները դեռ վերջնական համաձայնության չեն եկել նրա ներկայիս ակումբի` Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Չնայած «Յուվենտուս»-ը հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրոգավաթների խաղարկությանը, Ագուերոն որոշում է կայացրել տեղափոխվել Թուրին: Լեգենդար Մարադոնայի փեսային իրենց ակումբում ցանկանում էին տեսնել նաև Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները, սակայն մադրիդյան ակումբների միջև գործարքն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի մարզական տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն Marca-ի հետ զրույցում նշել էր արգենտինացին պայմանագրում նշված գումարի դիմաց կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ, բացի «Ռեալ»-ից:
Պայմանագրի համաձայն Ագուերոյի տրանսֆերային արժեքը 45 մլն. եվրո է: «Յուվե»-ն պատրաստ էր վճարել ընդամենը 35 միլիոն, նշում է Football Italia-ն:







































