Անկախ Հայաստանի պատմության ընթացքում մեր երկրի բարձրագույն ինստիտուտները երբեք չեն գործել Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավասությունների շրջանակում: Խոսքը վերաբերում է հատկապես նախագահի, Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը: Հայաստանը թեև համարվում է կիսանախագահական երկիր, բայց իրականում մինչև այժմ շարունակում է գործել նախագահական համակարգում: 2005թ. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում թեև որոշակիորեն ուժեղացվեցին վարչապետի լիազորությունները, բայց իրական կառավարման համակարգում այն օգտագործելու հնարավորություն չընձեռվեց:
Սահմանադրական այդ փոփոխությունների ժամանակ քաղաքական դաշտում համոզմունք կար, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ փոփոխությունն անում է անձամբ իր համար: Դեռևս այդ ժամանակ էլ կարծիքներ էին հնչում, որ Ռ. Քոչարյանն իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից և 2008թ. նախագահական ընտրություններից հետո չի ցանկանում լինել երիտասարդ թոշակառու և ցանկանում է դառնալ վարչապետ:
2008թ. մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, կանխեցին նախկին նախագահի այդ հավակնությունները: Արյունոտ դեպքերից հետո ստեղծված լարվածության շրջանում հասարակությունն ու միջազգային հանրությունը որևէ կերպ չէին ընդունի նրա՝ վարչապետ դառնալը: Որոշ տեղեկությունների համաձայն` հենց այդ պատճառով է որոշվել նրա նշանակումը հետաձգել, մինչև որ Մարտի 1-ի նկատմամբ հասարակության և միջազգային հանրության սուր ընկալումները մեղմվեն: Իսկ վարչապետի պաշտոնին Տիգրան Սարգսյանի նշանակումը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, այսինքն` վերջինիս թեկնածությունը ընդունելի է եղել նաև նախկին նախագահի կողմից: Պարզապես Ռ. Քոչարյանի պատկերացմամբ` մի քանի տարի հետո պետք է ինքը նշանակվեր վարչապետ: Այս դեպքում պետք է գործեր Ռուսաստանի փորձը, երբ Վլադիմիր Պուտինն իր նախագահության երկրորդ ժամկետից հետո դարձավ վարչապետ: Ռուսական տարբերակը, սակայն, Հայաստանում չգործեց: Սերժ Սարգսյանը չցանկացավ Ռ. Քոչարյանին նշանակել վարչապետ, քանի որ լավ հասկանում էր, որ այդպիսով նա փորձելու էր տիրապետել ողջ իշխանությանը: Անցած տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ Ռ. Քոչարյանը հասկացավ, որ վարչապետ դառնալու հավանականությունները նվազագույն են, դուրս եկավ հարաբերական լռությունից ու սկսեց բացահայտ բանավեճի մեջ մտնել Տ. Սարգսյանի հետ:
Մինչ այդ Տ. Սարգսյանին անխնա քննադատել են Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները: Հատկապես ԲՀԿ-ի քննադատության արդյունքում տեսականորեն կառավարությունն ու վարչապետը մեր երկրում դարձան գործոն: Եվ եթե մինչ այժմ հասարակությունն իր դժգոհությունների արդյունքում օգտագործում էր իշխանություն բառը, հիմա արդեն քննադատություններն ուղղում է կառավարությանը: Այդ քննադատության կամ քարոզչության արդյունքում մարդկանց ենթագիտակցության մեջ մտավ մի միտք, որ իշխանությունը կառավարությունն է, թեև իրականության մեջ վարչապետը Հայաստանում էական ազդեցություն չունի տնտեսական զարգացումների մեջ:
Դա այդպես է եղել անկախ Հայաստանի գրեթե ողջ պատմության ընթացքում: Անկախ Հայաստանի 12 վարչապետներից շատ քչերն են կարողացել տնտեսության մեջ հարց լուծել: Նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Արմեն Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Արամ Սարգսյանը տնտեսության վրա գրեթե ազդեցություն չեն ունեցել: Նախ` նրանք այդ պաշտոնում բավականին կարճ են պաշտոնավարել, և, որ ամենակարևորն է` քաղաքական հզոր հենարան չեն ունեցել ավելի երկար պաշտոնավարելու և որոշիչ ուժ դառնալու համար: Առաջին վարչապետներից համեմատաբար մեծ անկախություն է ունեցել հատկապես Հրանտ Բագրատյանը, ով կատարեց պլանային տնտեսությունից ազատական տնտեսության անցման հիմնական բարեփոխումները: Իսկ Հ. Բագրատյանը հնարավորինս ազատ էր թե՛ անկախ գործելու՝ իր խառնվածքի շնորհիվ, թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի շնորհիվ, քանի որ վերջինս նրան տվել էր այդ հնարավորությունը:
Ուժեղ վարչապետ չի եղել նաև Ռ. Քոչարյանն ինքը, քանի որ ՀՀ իշխանություններն էին նրան Հայաստան բերել ու նշանակել այդ պաշտոնին: Նա միայնակ էր ու չուներ քաղաքական հենարան: Ավելին` պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի օրոք նա չէր կարող ուժեղ զգալ անգամ նախագահի պաշտոնում: Եվ նրա վարչապետության ու նախագահության այդ շրջանում տնտեսության վրա ազդեցություն ուներ Վ. Սարգսյանը: Վարչապետներից տնտեսության վրա լիակատար ազդեցություն է ունեցել հիմնականում Վազգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնին էր Ռ. Քոչարյանի նախագահության առաջին տարում: Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չի ունեցել անգամ Հանրապետական կուսակցության նման հզոր հենարան ունեցող և ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ռ. Քոչարյանի օրոք ուժեղ վարչապետ չի եղել նաև Ս. Սարգսյանը, և Հայաստանում տնտեսական գլոբալ զարգացումների վրա ազդեցություն չի կարող ունենալ նաև Տ. Սարգսյանը: Այս հանգամանքը շատ լավ հասկանում են թե Ռ. Քոչարյանը, թե նրա թիմը, քանի որ գործնականում վարչապետի լիազորությունները թուլացնելու և տնտեսության վրա ազդեցության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու գործընթացը սկսել է նախկին նախագահը, և դա շարունակվում է մինչև հիմա: Ուրեմն ինչու են նրանք քննադատում միայն վարչապետին: Դա անում են հավանաբար այն պատճառով, որ այդ պաշտոնը խթան կդառնա 2018թ. կամ մինչ այդ իշխանության գալու համար:









































