Պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազճյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկը` Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստան, անիմաստ է համարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Յազճյանը շեշտեց, որ Արմեն Աշոտյանը, եթե ազգային մտածողություն ունենար, նախ հայերենը կհարգեր, հայոց լեզուն, նոր հանդես կգար այսպիսի առաջարկություններով:
«Մեր իշխանություններն անելիք չունեն, այսպիսի տխմար նշանախոսներով են զբաղված: Ի՞նչ տարբերություն, եթե նրանք Հայ դատը, Հայկական հարցը թաղել են, ինչի՞ հիման վրա է այս բոլորն առաջարկում: Թող ինքն ազգային դպրոց կառուցի, որի համար մենք բոլորս` ես, դուք, հարկեր ենք վճարում, նոր նման առաջարկություններով հանդես գա, Հայոց լեզուն հարգի, ինքը, որ ԿԳ նախարարն է, լեզվի պետական տեսչության գործառույթներն ուժեղացնի, հենց ինքը հարգի Սահմանադրությունը` հայոց լեզուն հարգելով, ոչ թե մասնակցի «Что? Где? Когда?» ռուսերեն խաղին: Ինքը, արդարադատության նախարարը, Վաչե Գաբրիելյանը, թող նախ իրենք հարգեն հայոց լեզուն, նոր նման բաներով հանդես գան: Այս առաջարկությունը ես ընդունում եմ որպես հերթական կեղծավորություն»,- ասաց նա:
Յազճյանի խոսքով` այս առաջարկը չի անցնի, որովհետև մեր այսօրվա և գալիք որևէ Սահմանադրության հիմքում պիտի դրված լինի 1990 թվականի օգոստոսի 23-ի` ՀՀ մասին հռչակագիրը, որում մեր հանրապետության անունը փոխվեց. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան): Պատմաբանը նշեց, որ եթե նման բան լինի, մենք պիտի 1990 թվականի այդ փաստաթուղթը փոխենք, որ չենք կարող, լավագույն դեպքում կարող ենք այս փաստաթուղթը չեղյալ հայտարարել կամ նոր Սահմանադրության մեջ հռչակագիրը որպես հիմք չընդունել, հակառակ պարագայում հակասություն կլինի: Բացի այդ, ըստ Յազճյանի, չի լինի Արևելյան Հայաստանի Հանրապետություն: «Եթե նույն պրոտոկոլները (հայ-թուրքական արձանագրություններ) այդքան զզվելի քարոզչություն արեցին, կեղծեցին նաև ազգի հիմնական` մեծ մասի իսկական կամարտահայտությունը, որ դեմ էին այդ պրոտոկոլներին, շատ լուրջ վերապահություններ ունեին, ընդհանրապես և՛ իրենք, և՛ իրենց կաչաղակները` մի ամբողջ ոհմակ, անունները չտամ: Այդ նույն իշխանությունը եթե այսօր այդ պրոտոկոլները դեռ պահում է սառեցված վիճակում, չի հրաժարվում ստորագրումից, հանդես գալ «Արևելյան Հայաստան» կամ «չգիտեմինչ» կոչելու առաջարկով, դա արդեն կեղծավորություն է. փորձում են ավելի ազգային մնացած հատվածին, ասենք, սիրաշահել, այսինքն` հաճոյանալու խնդիր են լուծում»,- ասաց նա:
Յազճյանին հետաքրքրում է` ինչո՞ւ է Աշոտյանը հանդես գալիս կամ ո՞ւմ անունից է հանդես գալիս, թող նման նախաձեռնությամբ հանդես գա ՀՀԿ-ն, ոչ թե կուսակցության փոխնախագահները, որ երկրորդական դեմքեր են:









































